«Մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են»
Թբիլիսին երախտապարտ է, որ Երևանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և իր հերթին առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այսօր Երևան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և միանում եմ իմ գործընկերոջն առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են», - ասաց նա, - «Մենք, իհարկե, խոսեցինք տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ տարբեր ձևաչափերով: Քաղաքականության մակարդակով՝ տրանսպորտ, էկոնոմիկա, զբոսաշրջություն, այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի»:
Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց այս տարվա փետրվարին, ինչից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Վրաստանի նախորդ վարչապետ Ղարիբաշվիլի կողմից ստորագրվել էր ռազմավարական համագործակցության հռչակագիր։
Քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները
«Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:
Ինչպես գիտեք, նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի»
Բանակցություններին հաջորդած կարճատև ճեպազրույցի ընթացքում Հայաստանի ու Վրաստանի վարչապետերը անդրադարձան նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հարցին։ Փաշինյանն ընդգծեց, որ Երևանը հավատարիմ է խաղաղության գործընթացին՝ ակնկալելով նման մոտեցում նաև մյուս դերակատարներից. - «Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ արդեն իսկ հայտնի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա»։
Հայ-ադրբեջանական բանակցություններում, ըստ պաշտոնական Երևանի, առաջընթաց չկա. երկու շաբաթ առաջ Բաքուն հրապարակային պահանջեց անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները՝ միաժամանակ կտրականապես հերքելով, որ Հայաստանի սահմանային 31 բնակավայրերի տարածքների մի մասն էլ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Մինչ այդ Կոբախիձեն նշեց, որ աջակցում են խաղաղության գործընթացին. - «Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում, և մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, շոշափելի համաձայնագիր կլինի: Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում»:
Կոբախիձեն այսօր բանակցել է նաև Հայաստանի նախագահի հետ, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ մասնակցել Երևանում Վրաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը։ Վրացական կողմն ընդգծում է, որ այս տարի առաջին անգամ է Թբիլիսին դեսպանության համար շենք գնել Հայաստանում։
Երևան ժամանելուց մոտ մեկ շաբաթ առաջ Կոբախիձեն Բաքվում էր, որտեղ ևս շեշտել է, որ խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն։ 2021-ի ամռանը Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների ազատ արձակվեց նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ էր ներգրավված եղել։ Արդյոք հիմա էլ Վրաստանը փորձում է միջնորդել գերիների վերադարձի հարցում, «Ազատությունը» Ծիծեռնակաբերդում փորձեց հարց ուղղել Կոբախիձեին, սակայն նա չարձագանքեց։