Բելառուսում առաջիկա կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկում հինգ անուն կլինի, սակայն անկախ այդ թվերից, արդեն ավելի քան 30 տարի է՝ երկրում նույն մարդն է հաղթում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Անակնկալներ չենք սպասում», - Reuters-ին ասել են Մինսկի բնակիչները, փաստելով՝ հիմնական ինտրիգն այն է, թե այս անգամ Լուկաշենկոն քանի տոկոս կստանա՝ 80-ից ավելի՞, թե՞ պակաս։
«Ես դա անում եմ հանուն ժողովրդի և Բելառուսի ապագայի», - ամիսներ առաջ, հայտարարելով հերթական առաջադրման մասին, պնդել էր 70-ամյա Լուկաշենկոն, որ 1994-ից ի վեր բռնի ուժով ճնշել է բողոքի բոլոր ցույցերն ու բանտարկել հազարավոր ընդդիմախոսներին։ «Ոչ մի պատասխանատու նախագահ չի կարող լքել իր ժողովրդին, որը գնացել է նրա ետևից։ Մենք կանենք այն, ինչ ճիշտ է Բելառուսի համար», - ասել էր նա։
Լուկաշենկոյի ընդդիմախոսներն այս ընտրություններին չեն մասնակցում և պնդում են, թե իրական մրցակցություն չկա․ առաջադրված թեկնածուները դրածոներ են՝ զուտ ընտրության պատրանք ստեղծելու համար։
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ երկրում անկախ լրատվամիջոցներն արգելված են, արևմտյան դիտորդներ հրավիրված չեն, բանտերում շուրջ 1250 քաղբանտարկյալ կա, ըստ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության։ Նրանց մի մասը ճաղերի ետևում են 2020-ի ընտրություններից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան Լուկաշենկոյի հերթական, կեղծիքներով ուղեկցված ընտրության դեմ։ Բռնի ուժով ճնշելով բողոքի ալիքը՝ Լուկաշենկոն ազատազրկեց ավելի քան 65 հազար ցուցարարների, հարյուրավորները դատապարտվեցին երկարաժամկետ բանտարկության։ Հիմա՝ նոր ընտրությունների շեմին, Բելառուսի նախագահը նրանցից մի քանիսին ազատ է արձակում։ Ընդդիմադիր, վտարանդի Սվետլանա Տիխանովսկայան, սակայն, սա շինծու քայլ է որակում։
«Այսպես կոչված ընտրություններից առաջ նա ազատ է արձակում մարդկանց՝ ուղերձ հղելով ժողովրդավարական աշխարհին ու փորձում նրանց․ տեսեք՝ ազատեցի 20 մարդու, բավարա՞ր է ձեզ համար, եթե ոչ՝ ևս 20-ին ազատ կարձակեմ», - ընդգծել է Տիխանովսկայան:
Ըստ քաղաքագետների՝ Լուկաշենկոն փորձում է հող ստեղծել Արևմուտքի հետ հետագա բանակցությունների համար, ինչը հրատապ է հատկապես հիմա, երբ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի դեմ պատերազմը կանգնեցնելու համար:
Նախընտրական շրջանում Լուկաշենկոն մի քանի հանդիպում է միայն անցկացրել, որոնց ընթացքում շարունակ ընդգծում էր, թե վերջին տարիներին Բելառուսն ամրապնդել է ինքնիշխանությունն ու հզորությունը։
Ընդդիմախոսները հակառակն են պնդում, հիշեցնելով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու պատճառով Մինսկի դեմ պատժամիջոցները խստացվել են, հարաբերությունները՝ վատթարացել, մյուս կողմից՝ մեծացել է կախվածությունը Մոսկվայից անվտանգության ոլորտում։ Անցած տարեվերջին նա Պուտինի հետ պայմանագիր ստորագրեց անվտանգության երաշխիքների մասին, հետո էլ խնդրեց Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռներ տեղակայել։ Պուտինը խոստացել է ժամանակակից այս հրթիռները Բելառուս ուղարկել այս տարվա երկրորդ կեսին, ընդգծելով, որ Մինսկը կարող է ընտրել թիրախները, սակայն զենքի կիրառումը կմնա Մոսկվայի վերահսկողության տակ։
Մինչ այդ, Ռուսաստանը Բելառուս է գործուղում դիտորդների: Ռուսներից բացի առաջիկա քվեարկությանը կհետևեն նաև ներկայացուցիչներ ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, ինչպես նաև աֆրիկյան պետություններից, Լատինական Ամերիկայից ու Հյուսիսային Կորեայից։
Հայաստանը, ինչպես փոխանցեցին «Ազատությանը» ԿԸՀ-ից, այս անգամ Բելառուս դիտորդներ չի ուղարկել ոչ ԱՊՀ, ոչ էլ ԵԱՏՄ պատվիրակությունների կազմում։
Ավելի վաղ, երբ Լուկաշենկոն պաշտպանել էր Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի դեմ, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։