Մատչելիության հղումներ

Ավելի քան կես տարի առաջ հետ կանչված Բելառուսում ՀՀ դեսպանը մինչև հիմա Մինսկ չի վերադարձել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում, 23-ը նոյեմբերի, 2022թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում, 23-ը նոյեմբերի, 2022թ.

Ավելի քան կես տարի առաջ հետ կանչված Բելառուսում Հայաստանի դեսպանը մինչ այս պահը այդ երկիր չի վերադարձել, հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից: Օրերս ԵԱՏՄ նիստի ընթացքում երկու երկրների առաջնորդների վեճից հետո լրատվամիջոցները գրում են՝ նա ընդհանրապես Մինսկ չի վերադառնա: Արտաքին գերատեսչությունը, սակայն, այս տեղեկությունը չի մեկնաբանում:

Արդյոք այս ամենը դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման կհանգեցնի, Արտգործնախարարությունն «Ազատության» այս հարցն անպատասխան է թողել: Բայց դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ Բելառուսում Հայաստանի դեսպանատունը այս ընթացքում շարունակել է աշխատանքը, անցնող ամիսներին Հայաստանի ներկայացուցիչները տարբեր միջոցառումների են մասնակցել:

Դիվանագիտական հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցում է. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ սրանից այն կողմ հաջորդ քայլն այդ հարաբերությունների խզումն է. - «Կարծում եմ՝ սա, իհարկե, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցում է»։

Ըստ նրա՝ այլ հարց է, թե որքանով է սա խելամիտ՝ հաշվի առնելով, որ երկու երկրները անվտանգային և տնտեսական նույն կազմակերպությունների մաս են կազմում. - «Առայժմ ընթացքը դեպի դա է տանում, բայց էլի եմ ասում, դա նոնսենս կլինի»։

Նախագահ Լուկաշենկոյի պաշտոնավարման օրոք Բելառուս երբեք չայցելելու վարչապետ Փաշինյանի հունիսին արված հայտարարությունից րոպեներ անց դեսպան Ռազմիկ Խումարյանը խորհրդակցությունների համար Երևան կանչվեց: Արտաքին գերատեսչությունն այլ մանրամասներ չէր հայտնել: Նույն օրն իր դեսպանին կանչելու մասին հայտարարեց նաև Մինսկը։ Ալեքսանդր Կոնյուկը, սակայն, այժմ շարունակում է աշխատանքը Հայաստանում։

Փաշինյանի այդ հայտարարությանը նախորդել էր Բելառուսի նախագահի այցն Ադրբեջան ու շրջայցը Ղարաբաղում, որտեղ Լուկաշենկոն «Իլհամ Ալիևի հետ ազատագրական պատերազմից առաջ ճաշի սեղանի շուրջ փիլիսոփայական քննարկումն էր հիշել»։

Այս իրադարձություններից հետո երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին հոկտեմբերին Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում՝ «ոտքի վրա» զրուցելով: Հաջորդող ամիսներին այլ շփումների մասին տեղեկություններ չեղան, առաջնորդների մասնակցությամբ հաջորդ համատեղ միջոցառումն արդեն վեճով ուղեկցվեց։

Հունվարից ԵԱՏՄ նախագահությունը Բելառուսին է անցնում, իսկ արդեն հաջորդ ամիս երկրում նախագահական ընտրություններ կանցկացվեն։ 2020-ին կայացած ընտրությունները Լուկաշենկոյի դեմ ցույցերով նշանավորվեցին, իշխանությունները ճնշումների դիմեցին, ճաղերի հետևում ավելի քան հազար մարդ հայտնվեց: Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է արդեն 30 տարի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG