15 հայ գերիների դատավարությունը Բաքուն նախորդ շաբաթ նվիրել էր այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանությանը»` մեղադրողի շուրթերով պնդելով, թե այն «կազմակերպել և իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը»:
Հարցաքննելով հայ գերիներից Մադաթ Բաբայանին՝ ադրբեջանցի մեղադրողը նրան ներկայացրել է իբրև այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» մասնակից: Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում Բաբայանը մանրամասներ է փոխանցել Խոջալուի իրադարձությունների մասին, տվել մի քանի հայերի անուններ, որոնք իբրև թե պատասխանատու են եղել ադրբեջացիների սպանությունների և վայրագությունների համար: Նա ասել է, թե տեսել է 150 ադրբեջանցիների դիեր:
Ըստ պետական «Ազերթաջ» գործակալության՝ Մադաթ Բաբայանն ընդունել է, որ «սխալ են գործել»: Այնուհետև այս դրվագով ցուցմունքներ են տվել երկու տուժողներ Խոջալու գյուղից: Նրանցից մեկը՝ Յաշար Ալմամեդովը, ասել է, թե ճանաչում է Մադաթ Բաբայանին, ապա պատմել, թե ինչպես է «1992թ. փետրվարին գերեվարվել հայերի կողմից»: Նա պնդել է, թե իրեն «կտտանքների է ենթարկել անձամբ Մադաթ Բաբայանը, իրեն ասել է թուրք, ապա հարվածել զինվորական դանակով»:
Տուժող ներկայացող Յաշար Ալմամեդովը նաև պնդել է, թե իր եղբորը նույնպես գերեվարել են, ու Մադաթ Բաբայանից պահանջել ասել, թե որտեղ է եղբայրը՝ Նամիկ Ալմամեդովը: Բաբայանն ասել է, որ նրան չի ճանաչում:
Ի դեպ, տուժողի ներկայացուցիչը դժգոհել է, թե Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը օգնում է Մադաթ Բաբայանին հարցերին պատասխանելիս: Դատավորն էլ ի պատասխան կարգադրել է Իշխանյանի տեղը փոխել:
Չնայած 2023 թվականին գերեվարված Մադաթ Բաբայանը ներկայացվում է իբրև «Խոջալուի ցեղասպանության» մասնակից, նրա դուստրը «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ հայրն անգամ պատերազմական գործողություններին չի էլ մասնակցել, և որ նրան ստիպել են ընդունել այդ մեղադրանքները: Այն, որ հայ ռազմագերիներից հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզում՝ Հայաստանի դեմ օգտագործելու համար, ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինձ թվում է՝ իրեն ուղղակի գրել, տվել են տեքստը, ինքն ասել է, ստիպելով ասել է: Ինքը ոչ մի բանի էլ մասնակից չի եղել, վատառողջ մարդ է, ոչ մի պատերազմի էլ չի մասնակցել իմ հայրը: Ինքն անշառ մարդ է, անասնապահությամբ է զբաղվել», - նշել էր դուստրը:
Շուրջ 2 տարի Բաքվի բանտում պահվող ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Մադաթ Բաբայանի հարցաքննությունից բացի, Բաքվի զինվորական դատարանում Խոջալուի դեպքերի վերաբերյալ նաև կադրեր են հրապարակել, ինչպես «Ազերթաջն» է նշում, «այն ցնցել է ներկաներին»: Ադրբեջանական պետական լրատվամիջոցը իբրև ապացույց կադրում ցույց է տվել դատարանի դահլիճում արտասվող ադրբեջանուհուն:
Խոջալուի գործով նիստից անմասն չի մնացել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դատավարության ընթացքում ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված նրա հայտնի հարցազրույցը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանն ընդունել է, որ «Խոջալուում էթնիկ զտում են իրականացրել» և, որ չեն զղջում տեղի ունեցածի համար: Սերժ Սարգսյանին վերագրվող այս խոսքերը, սակայն, դե Վաալի որևէ հարցազրույցում հնարավոր չէ գտնել:
Բրիտանացի լրագրողի Ղարաբաղին նվիրված «Սև այգի» գրքում, անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, Սերժ Սարգսյանն ասում է, թե «ադրբեջանցիները շատ բան չափազանցնում են», և որ այդ «իրադարձությունների մասին բարձրաձայն չեն խոսում», նշում նաև, որ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել:
Ադրբեջանի պետական մեղադրողը հայտարարել է, թե Հայաստանի երրորդ նախագահի խոսքերը հաստատում են, թե «Խոջալուի ցեղասպանությունը նպատակաուղղված ու համակարգված իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը»:
Սերժ Սարգսյանը երբեք ցեղասպանության կամ նման ոճրագործության մասին որևէ բառ չի ասել. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս ամենը շոու է որակում:
«Մի քանի նպատակներ ունի՝ առաջինը՝ իհարկե, անձնական վրեժը մեր եղբայրներից, ի պատիվ որոնց ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ այնտեղից եկող հայտարարությունները, Բաքվի բանտերում տանջվող, խոշտանգվող մարդկանց հայտարարությունները շատ ավելի խրոխտ են, խիզախ ու հայրենասեր, քան Հայաստանի կառավարական շենքերից արվողները: Երկրորդ՝ բնականաբար, հող է նախապատրաստվում հետագայում որևէ ձևաչափով....քարոզչական նյութեր ստանալու և դրանք ընդդեմ Հայաստանի օգտագործելու համար», - «Ազատությանն» ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ Խոջալուի դեպքերի և Թոմաս դե Վաալին հղումների վերաբերյալ քարոզչական հնարքները նոր չեն, մի քանի անգամ ծամծվել և շրջանառվել է. «2011-ին Թոմաս դե Վաալը իր հարցազրույցներից մեկում նշում է, որ իր և նախագահ Սարգսյանի զրույցը այժմ օգտագործվում է նենգափոխելով քարոզչական տեսանկյունից: Բառացի ասում է, որ իր համար ակնհայտ էր, որ կանխամտածված և ծրագրավորված որևէ բան Խոջալուում տեղի չի ունեցել»:
«Նախագահը երբեք ցեղասպանության կամ նման ոճրագործության մասին որևէ բառ չի ասել, ինքը հակառակը՝ նշել է, որ առանց խաղաղ բնակչության տեղահանումը ապահովելու հնարավոր չէր լուծել այդ պահին առկա իրավիճակը», - հավելեց Հայկ Մամիջանյանը:
Խոջալուի դեպքերով հարցաքննվել է նաև Արկադի Ղուկասյանը
15 հայ ռազմագերիների գործով դատավարությունը շարունակվել է նաև այսօր: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ցուցմունք է տվել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նույնպես անդրադարձել է Խոջալուում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ դրանց մասին տեղեկացել է «պաշտոնական աղբյուրներից»: Ղուկասյանը, ըստ ադրբեջանական APA գործակալության, ասել է, թե տեղյակ էին, որ «Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ, որոնց հետագայում փոխանցել են հակառակ կողմին»: