Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Ռուբիոյին ու Ուոլցին


ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցով երկկուսակցական նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին։

Կոնգրեսականները պահանջել են՝ «նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ՝ նամակը կազմվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնի, Դեյվիդ Վալադաունի, Բրեդ Շերմանի և Գաս Բիլիրակիսի գլխավորությամբ։

Հանձնախմբի անդամները կոչ են արել ամերիկյան ղեկավարությանը՝ ջանքեր գործադրել ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ՝ շեշտելով ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը:

Օրերս Բաքվում ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ շեշտելով, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։

Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին մարտի 13-ի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգներն այդ առթիվ ողջունեց Երևանին և Բաքվին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասաց, որ «սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ շեշտելով՝ «այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծվ խորհրդական Մայք Ուլցն էլ հայտարարեց՝ «կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի»։

Թեև մարտի13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով պնդում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման հեռացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ «գնդակը Հայաստանի դաշտում է»։

Երևանը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, իսկ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համաձայնագրի ստորագրումից հետո։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG