Մատչելիության հղումներ

Ադրբեջանում դատավարությունը չի կարող լեգիտիմ լինել, առավել ևս դռնփակի դեպքում. ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտպաններ


Լուսանկարում՝ Արցախկի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը
Լուսանկարում՝ Արցախկի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը

Հունվարի 17-ին կսկսվի Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Հունվարի 17-ին Ադրբեջանում կսկսվի ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը:

Որոշ ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանցից բացի, այս գործով ևս 13 մեղադրյալ կա, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարները: Չի բացառվում, որ դատավարությունը դռնփակ անցակցվի:

«Նման դատական ակտերը զուրկ են լեգիտիմությունից»

Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանող Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ Ադրբեջանն ամեն ինչ կանի՝ դատավարությունը փակ անցկացնելու համար:

«Դռնփակությունը նախ նպատակ ունի սահմանափակել անկախ անձանց մուտքը և հետևաբար նաև տեղեկատվության արտահոսքը, մյուս կողմից՝ քանի որ մեղադրանքները շինծու են, ապա այս դռնփակությունը նաև կկոծկի քրեական գործի կեղծիքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում մեկնարկելիք դատավարության մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:00 0:00

Նախքան գործը դատարան ուղարկելը Ադրբեջանի դատախազությունը ծանրացրեց Ռուբեն Վարդանյանի մեղադրանքը: Նրան առաջադրված է ադրբեջանական քրեական օրենսգրքի 20 հոդվածով մեղադրանք մի քանի տասնյակ դրվագներով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, Արցախի տարածքում անօրինական զինված խմբավորումների կազմավորում, կազմակերպում, հակամարտության ժամանակ միջազգային իրավունքի խախտում, զենքի անօրինական փոխադրում» և այլն:

«Այն պարագայում, երբ «արդարադատությունը» տեղի է ունենում դատավարական երաշխիքների խախտմամբ, նման դատական ակտերը զուրկ են լեգիտիմությունից։ Կարևորագույն երաշխիքներն են նախ բաց, հրապարակային դատաքննությունը, պաշտպանության արդյունավետ կազմակերպումը, խոշտանգումներից զերծ լինելը և ամենակարևորը՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննությունը», - նկատեց նա։

«Ադրբեջանում չի կարող լինել արդար դատաքննության իրավունք»

Եվրադատարանում հայ ռազմագերիներին ներկայացնող մեկ այլ փաստաբան Արտակ Զեյնալյանն էլ ասաց՝ Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, այդ երկիրը չի կարող արդար դատաքննություն անցկացնել. - «Ադրբեջանում չի կարող լինել արդար դատաքննության իրավունք, դա հաստատված է բազմաթիվ իրավական ակտերով, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ևս չկա դա և չի կարող լինել, քանի դեռ չկան ազատ ընտրություններ Ադրբեջանում, դատարաններն անկախ չեն»։

Թե՛ Ռուբեն Վարդանյանին, և թե՛ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ադրբեջանը չի ապահովում նրանց տարրական իրավունքները՝ իրենց նախընտրած փաստաբանի ռեալ աջակցությունը, փաստաբանի հետ տեսակցություն, հնարավորություն փաստաբանին ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանք տրամադրել հայերենով։ Այս խախտումների պայմաններում անցկացված դատավարության վերջում չի կարող արդար որոշում կայացվել, հավելեց նա։

«Արդեն իսկ կասկածելի է այդ դատական ակտը, որ պիտի կայացվի, դա արդեն իսկ վիճահարույց է, արդեն իսկ ենթադրվում է, որ այն անօրինական է: Նրանք պահվում են անմարդկային պայմաններում, մշտապես խոշտանգման պրոցեսի մեջ են, որովհետև զրկված են տեղեկությունից, նրանք անորոշության մեջ են պահվում», - նշեց Արտակ Զեյնալյանը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն ավելի վաղ ահազանգել է, որ պաշտպանյալը ադրբեջանական բանտում խոշտանգվել է: Նա քաղաքական բանտարկյալ է համարում Վարդանյանին, որը բացահայտ քննադատել է այդ երկրի ղեկավարին։

Ավելի քան կես տարի առաջ Գենսերն ու Վարդանյանի ընտանիքը հրատապ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե, պահանջել, որ դատապարտեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը: Տեղեկացրել էին, որ ապրիլին հացադուլի մեջ գտնվող Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել խմելու ջրից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։

Ադրբեջանի իշխանությունը շտապել էր հերքել այս պնդումները, միաժամանակ մերժել բանտ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու փաստաբանի դիմումը՝ «անհնար դարձնելով ապացույցներ հավաքելու հնարավորությունը»։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ Վարդանյանն ունի ադրբեջանցի փաստաբան, բայց հասկանալի է, որ նա չի կարող պատշաճ պաշտպանել հայի իրավունքները:

Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի է պահվում։ Բաքուն բոլորին ծանր մեղադրանքներ է առաջադրել։

XS
SM
MD
LG