Մատչելիության հղումներ

ԱԺ լսումներից բացի, ֆիքսել ենք, որ անհետ կորածների հարազատները քաղաքական ուժերի հետ կապ չունեն. Ալեն Սիմոնյան


Անհետ կորածների հարազատները խորհրդարանում, 28-ը դեկտեմբերի, 2024թ.
Անհետ կորածների հարազատները խորհրդարանում, 28-ը դեկտեմբերի, 2024թ.

Անհետ կորածների հարազատներն այսօր խորհրդարանում մոտ երկու ժամ փակ քննարկման էին Ազգային ժողովի նախագահի և Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի հետ: Հանդիպումից հետո խորհրդարանի խոսնակն «Ազատությանն» ասաց՝ որոշել են առաջին հերթին խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ հարազատներին հուզող հարցերը քննարկելու համար:

Հանդիպման պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ անհետ կորածների հարազատները ժամեր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով, որ Անդրանիկ Քոչարյանը իջնի ներքև կամ ընդունի իրենց: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը փոխանցել էր, թե չորս հոգու է պատրաստ ընդունել, չէին համաձայնել՝ շարունակելով պողոտան փակ պահել:


Աշխատանքային օրվա ավարտին արդեն նրանց դրսում հանդիպեց Ազգային ժողովի նախագահը՝ խոստանալով կազմակերպել բոլոր ցանկացողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը: Անհետ կորածների հարազատներն արդեն այսօր տեղի ունեցած հանդիպումից շատ ոգևորված չէին: Դժվարացան ասել՝ արդյոք խոստացված լսումներում կտրվեն իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Մենք այս տարիների ընթացքում այնքան բաներ ենք լսել, տարբեր խոստումներ։ Ոմանք իրականացվել են, ոմանք մնացել են օդի մեջ խոստումներ։ Հիմա դրա համար եկեք զերծ մնամ մեկնաբանություններից, հասկանանք, տեսնենք՝ այն, ինչ որ նոր ընթացիկում խոսվեց, որոշվեց, կկատարվի, թե ոչ», - ասաց 44-օրա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Մի հոգու տալով գաղտնիության հասանելիություն՝ խնդիրը չի լուծվի՝ ըստ Սիմոնյանի

Անհետ կորածների հարազատների գլխավոր պահանջը, սակայն, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալն է: Քոչարյանն ավելի վաղ ասել է, թե այն պատրաստ է, այժմ փորձաքննությունների փուլում է: Ալեն Սիմոնյանն այսօր հայտնեց, որ հունվարին զեկույցը կներկայացվի նախ պատգամավորներին, և որ քննարկել են՝ ինչպես անել, որ անհետ կորածների հարազատներին ևս այն հասանելի լինի:

«Պրոբլեմն այն է, որ մենք չենք կարող պայմանական՝ 50 կամ 100 մարդու գաղտնիության հասանելիության հարց լուծել, իսկ մի հոգու տալ այդ գաղտնիության հնարավորությունը, մնացածի մտահոգությունը չի փարատի», - ասաց նա։

«Տվեք մեզ դավաճանների անունները»

Նույնն ասաց նաև Արսեն Ղուկասյանը՝ եթե անգամ իրավական խոչընդոտների հաղթահարմամբ մեկ-երկու ծնողի հնարավորություն տրվի ծանոթանալու փաստաթղթին, միևնույն է` նրանց արգելվելու է ստացած տեղեկատվությունը հայտնել մյուսներին: Հենց դրա համար ինքն այլ առաջարկ է փոխանցել պաշտոնյաներին:

«Մեզ չի հետաքրքրում գործի քննության փուլը՝ որտեղ ինչ տանկ է եղել, զինամթերք։ Ոչ, մեզ հետաքրքրում են դավաճանների անունները։ Ճիշտ է՝ մենք գիտենք, բայց մեր իմանալն այլ բան է, պաշտոնական անձանց հայտարարությունը՝ այլ բան։ Մենք իրենցից ուզում ենք՝ տվեք մեզ դավաճանների անունները, ովքեր այս ամեն ինչը կազմակերպեցին, երեխեքի կոտորածը», - շեշտեց նա։

Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Եթե զեկույցին ծանոթանալու շուրջ դեռ շատ հստակություններ չկան, լսումների անցկացման համաձայնությունից բացի, այսօրվա հանդիպմանը ևս մի հարց են անհետ կորածների հարազատները քննարկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ: Նրանց զայրացրել էին Քոչարյանի երեկվա ասածները: Մինչ հանդիպման պահանջով պողոտան փակել էին, Քոչարյանը կայքերից մեկի ուղիղ եթերում ասում էր. - «Շատ անակնկալ էր այսօր գալը, փողոց փակելը...»։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Հարցին, թե ուղղորդված էր այդ հավաքը, Քոչարյանը պատասխանել էր. «Դե եթե դրան զուգահեռ խոսում է Բագրատ հոգևորականը»։

Ալեն Սիմոնյանն այսօր ասաց. «Ինչ-որ շահարկումներ են եղել, որ ինչ-որ քաղաքական ուժի հետ կապ ունեն, ընդդիմության հետ կապ ունեն»։

Նա սխալ որակեց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, ապա բացատրեց՝ իր գործընկեր Քոչարյանը լրագրողի հարցին ի պատասխան գուցե ճիշտ չի ձևակերպել պատասխանը, և դա առաջացրել է մարդկանց արդարացի զայրույթը. - «Ֆիքսեցինք, որ այս մարդիկ որևիցե քաղաքական ուժի հետ կապ չունեն, չգիտեմ՝ «Սրբազան պայքարի» հետ էին կապում: Նման բան չկա։ Այդ մարդիկ իրենց խնդիրն ունեն, որը հասկանալի է ու տեղին է, ու որևիցե ձևով քաղաքականացնել ու քաղաքական ուժի հետ կապելը ամենասխալ բանն է»։

Արսեն Ղուկասյանն էլ հավելեց, որ Անդրանիկ Քոչարյանը «խոստացել է», որ ֆեյսբուքյան իր էջով մինչև երկուշաբթի կհերքի իր խոսքերը, ներողություն կխնդրի։ Մինչ այսօր՝ ժամը 19։00-ն, Անդրանիկ Քոչարյանի Ֆեյսբուքի էջում նման տեքստ չհայտնվեց:

Պատերազմից չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում: Նրանց հարազատները հույսը չեն կորցրել, որ մեղավորները կպատժվեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG