Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով», - նշեց Աբազյանը:
Ժամկետների և վայրի վերաբերյալ, ըստ ԱԱԾ տնօրենի, որոշում չկա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։ Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների պահպանությանը՝ նշելով. - «Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»:
Հարցին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, Աբազյանն արձագանքեց. - «Փուլային տարբերակով, այո, բայց ներկայում նման որոշում չկա»:
Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։