Մատչելիության հղումներ

Ռազմական միջադեպերի քննության արդյունքները ոչ միշտ են հայտնի դառնում


Ներքին Հանդի դիրքերում ադրբեջանական կրակոցներից չորս կամավորականի կյանք խլած միջադեպի մանրամասները կպարզի ծառայողական քննությունը, այսօր վստահեցրել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ռազմական ոստիկանությունը դեռ երեկ տեղեկացրել էր՝ կհետաքննի ադրբեջանական կողմի պնդումը, թե հայկական կողմից կրակոցի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

«Ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե՝ ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը», - նշեց Քոչարյանը:

Մոտ մեկ տարի առաջ էլ Անդրանիկ Քոչարյանը նույն կերպ հավաստիացնում էր, թե ծառայողական քննությունը կպարզի՝ ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի դիրքերում և ինչպե՞ս է ադրբեջանցիների հաջողվել վերահսկողության տակ վերցնել հայկական տարածքները:

«ԱԱԾ-ում անպայման կլինի, անհրաժեշտության դեպքում նաև զինված ուժերում կլինի, որովհետև այստեղ և՛ սահմանապահ զորքերն են ունեցել գործառույթ, և՛ զինված ուժերը», - ասել է նա:

Մարդկային և տարածքային կորուստների հանգեցրած այդ միջադեպից անցել է տասը ամիս, սակայն ոչ Ազգային անվտանգության ծառայությունը, ոչ էլ Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն նշանակելու մասին այդպես էլ որևէ տեղեկություն չեն հաղորդել: Իսկ զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով հարուցված քրեական գործով մինչ օրս մեղադրյալ չկա:

Եվ սա այն դեպքում, երբ Տեղ գյուղի բախումներից ուղիղ մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոստովանել էր, թե այդ իրավիճակը կանխատեսելի էր, և հենց դրա համար ինքը կոնկրետ անձանց տվել էր կոնկրետ հանձնարարականներ, որոնց իրականացումը, վարչապետի խոսքով, ձախողվել է։

«Առնվազն ինձ համար միանշանակ է, որ այստեղ էլ պետք է քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է էդպես տեղի ունեցել», - ասել էր վարչապետը:

2020-ի պատերազմից հետո ադրբեջանական մի քանի հարձակում է եղել Հայաստանի տարածքի վրա, ադրբեջանցիները տարածքներ են օկուպացրել Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում, ապա ամրացել այդ վայրերում։ Պատերազմից մոտ մեկ ամիս անց էլ հայկական կողմը Սյունիքի որոշ բարձունքներից ետ քաշվեց, այն ժամանակ երկար քննարկվում էր հարցը, թե ում հրամանով։ Խորհրդարանում վարչապետն ասել էր՝ հրաման տվողն ինքն է։

«Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր հիմա հնչող քննադատությունները, կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ», - հայտարարել էր Փաշինյանը։

Վարչապետի այս խոստովանությունը իրավասու մարմինների կողմից քննության չարժանացավ՝ չնայած ընդդիմության պնդմամբ, որ հենց այդ որոշման հետևանքով Ադրբեջանը տասնյակ կիլոմետրերով խորացավ Հայաստանի տարածք: Այն չքննարկվեց նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողովում, ամեն դեպքում՝ վարչապետի մասնակցությամբ հրապարակային նիստին դրա վերաբերյալ նրան որևէ հարց չուղղվեց:

Ի դեպ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցը մինչ օրս չի հրապարակվել:

XS
SM
MD
LG