Հանձնաժողովը մերժեց կարգավորման պահանջը հանել
2026-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք ընդունված Սահմանադրության կայուն մեծամասնություն պարտադրող կարգավորմամբ։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ մերժեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկը՝ մինչև 2026-ի ընտրությունները հրաժարվել գործող Սահմանադրության կայուն մեծամասնության դրույթից խորհրդարանի քվեարկության միջոցով՝ չսպասելով սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։
Ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնության պահանջ
2015-ին, երբ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի, ներմուծվեց նաև կայուն մեծամասնության պահանջը, ըստ որի Ազգային ժողով անցած ուժերից մեկը պարտադիր պետք է ունենա մանդատների մեծ մասը, եթե անգամ չի ստացել այդքան քվե։ Այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանի օրոք, հիմնավորում էին, թե Հայաստանին կայունություն է պետք։
«Արդյոք մենք մեզ կարող ենք թույլ տալ այն շռայլությունը, որ 10 ամիսը մեկ մենք մեզ մոտ պառլամենտական ընտրություններ անցկացնենք»,- 2015թ. հայտարարել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։
Իշխանության տեսակետը՝ կարող է ստեղծվել սահմանադրաիրավական ճգնաժամ
2018-ի հեղափոխությունից 6 տարի անց` հիմա, իշխանություններն ասում են՝ դրույթին դեմ են, բայց այս պահին դրանից հրաժարվելը հարմար չէ, ինչպես բացատրեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
«Հարցի վերաբերյալ պետք է մտածենք, որ Սահմանադրության մեջ այլ մեխանիզմներ պետք է նախատեսվեն, բայց հատվածական այդ դրույթը հանելը, ընդ որում՝ ուշադրություն դարձրեք՝ այդ դրույթը երբևէ չի կիրառվել 2015թ. առայսօր, և ես այս կոնտեքստում այս փոփոխություններին, իհարկե, կողմ չեմ կարող արտահայտվել, որովհետև սա աղճատելու է Սահմանադրության բովանդակությունը, ավելի է խորացնելու հնարավոր ճգնաժամը։ Եթե հիմա չի կիրառվել, և մենք չգիտենք՝ ինչ ճգնաժամ կարող է առաջացնել, ապա այս փոփոխության արդյունքում մենք կարող ենք ստեղծել սահմանադրաիրավական ճգնաժամ», - ասաց իշխանական պատգամավորը։
Ինչպե՞ս կարող է այս կարգավորումը գործել
Կայուն մեծամասնության մասին այնպիսի կարգավորում, ինչպիսին ունի Հայաստանի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, չկա Եվրոպայի խորհդրի անդամ որևէ երկրում։
Աշխարհի որոշ երկրներում կան նմանօրինակ մեխանիզմներ, բայց բացառվում է, որ ձայների օրինակ՝ 20 տոկոսը ստացած ուժը ի վերջո ունենա խորհրդարանի տեղերի մեծ մասը։
Իսկ Հայաստանում դա հնարավոր է։
Օրինակ՝ Ազգային ժողովն ունի նախնական 101 աթոռ, մի որևէ X ուժ ստացել է ձայների 20 տոկոսը, ընտրողների մնացած քվեները բաշխվել են ավելի քիչ ձայներ հավաքած մի քանի կուսակցությունների միջև։ Այս դեպքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած ուժերի մասնակցությամբ։ Արդեն էական չէ, թե ընտրողների քանի տոկոսը կգնա քվեարկելու, անգամ ցածր մասնակցության դեպքում 2-րդ փուլում հաղթած ուժը կստանա այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։
Արդյունքում X հաղթած ուժը խորհրդարանում միայնակ կիշխի, թեև ընտրությունների առաջին՝ հիմնական փուլում ստացել էր ձայների ընդամենը 20 տոկոսը։
Դանիել Իոաննիսյանը իշխանության մոտ միտում է տեսնում
«Իմ կարծիքով՝ հրաժարվելու հիմնական պատճառն այն էր, որ ամեն դեպքում այս մեխանիզմը հնարավորություն է տալիս ընտրողների քվեն խմբագրելու ինչ-որ առումով և քվեարկության արդյունքներով մանդատների մեծ մասը չստացած ուժին՝ բոնուսի միջոցով ստանալ մանդատների մեծ մասը։ Ենթադրում եմ, որ իշխանությունը դիտարկում է սցենար, որ 26թ. ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է ընտրողների քվեներով չստանալ մեծամասնություն և այդ մեծամասնությունը ստանալ բոնուսների տեսքով», - ասում է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Քաղաքական ենթատեքստեր չկան. նախարար
Քաղաքական ենթատեքստեր չկան, երեկվա նիստի ընթացքում հակադարձում էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը. - «Հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից, այո, մենք ուզում ենք, բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա առանց կոմպլեքս Սահմանադրությունը դիագնոստիկա անելու, ո՛չ, չենք ուզում ու ի սկզբանե չենք էլ ուզեցել»։
Ի վերջո, սահմանադրական բարեփոխումների նիստի ավարտին խորհուրդը հարցը դրեց քվեարկության։ Հանձնաժողովի 11 անդամներից 7-ը դեմ էին դրույթից հրաժարվելու առաջարկին, այդ թվում՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։
Իշխանությունը խոստանում է կայուն մեծամասնությունից հրաժարվել Սահմանադրության հանրաքվեով, միայն թե դա նախատեսված է 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ հավանաբար 2027 թվին։