Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չընդունեց Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը։
Ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո, այսօրվա նիստին հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն էր ներկայացրել «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Խորհուրդը, սակայն, դեմ է քվեարկել հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:
Միաժամանակ, Արդարադատության նախարարության հաղորդմամբ, խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրությամբ սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանն արձագանքել է այս մերժմանը՝ նշելով, որ ենթադրում է՝ «ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել)»:
«Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանն ասել էր, որ երբ 2015-ին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք փոփոխվող Սահմանադրությունում ներդրվեց կայուն մեծամասնության դրույթը, ընդդիմադիր դաշտում դեմ էին գրեթե բոլորը, այդ թվում այժմյան իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները։
- Հայաստանի իշխանությունները հայտարարել են 2027-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն այժմ գործող խորհրդի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկում էին չսպասել մինչև 2027 թվականը, այլ այս դրույթը խորհրդարանի քվեարկությամբ փոխել հրատապ՝ մինչև 2026-ի ընտրությունները։
- 2015-ին ընդունված Սահմանադրությամբ՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին, և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կազմում կոալիցիա, ապա առավելագույն թվով ձայներ ստացած ուժն ի վերջո ձեռք է բերում այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։