Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ կգումարի հաջորդ շաբաթվա վերջին՝ շարունակելու քննարկումները Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու շուրջ։ Եթե հանձնաժողովի 11 անդամների մեծ մասը որոշի առաջարկել իշխանությանը փոխել Սահմանադրության այս հոդվածը խորհրդարանի քվեարկության միջոցով, ապա Կառավարությունն ու Ազգային ժողովը առնվազն պետք է քննարկեն հարցը։
«Հուսով եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը սա կհասկանա և Բենիտո Մուսոլինիի հորինած կարգավորումներով, ստեղծած կարգավորումներով չի գնա 26 թվականի ընտրություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին կայուն մեծմասնության մասին դրույթից հրաժարվելու հարցը քննարկելու առաջարկն արել է Իրազեկ քաղաքացիների միավորումը: Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է՝ երբ 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք փոփոխվող Սահմանադրությունում ներդրվեց կայուն մեծամասնության դրույթը, ընդդիմադիր դաշտում դեմ էին գրեթե բոլորը, այդ թվում այժմյան իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները։
Հայաստանի իշխանությունները հայտարարել են 2027-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն այժմ գործող խորհրդի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկում են չսպասել մինչև 2027 թվականը, այլ այս դրույթը խորհրդարանի քվեարկությամբ փոխել հրատապ՝ մինչև 2026-ի ընտրությունները։
«Շատ հակաժողովրդավարական մեխանիզմ է»
«Շատ հակաժողովրդավարական մեխանիզմ է, որը կարող է իշխանությանը ապահովել արհեստական հաղթանակ, բայց որը շատ ցածրացնում է իշխանության լեգիտիմությունը: Կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագրում» պետք է հասկանան, որ լեգիտիմությունը չափազանց կարևոր է, այդքան կարևոր չէ, թե դու քանի մանդատ ունես, կարևոր է, թե դու ինչ լեգիտիմություն ունես», - ընդգծեց Իոաննիսյանը:
2015-ին ընդունված Սահմանադրությամբ՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին, և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կազմում կոալիցիա, ապա առավելագույն թվով ձայներ ստացած ուժն ի վերջո ձեռք է բերում այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։ Օրինակ՝ կարող է լինել մի իրավիճակ, երբ ընտրողների քվեների 25-30 տոկոսը հավաքած ուժը դառնա մեծամասնություն ու միայնակ ձևավորի կառավարություն: Նման կարգավորում այսօր աշխարհի գրեթե որևէ երկրում չկա։ Թեև այն առկա է Հայաստանի Սահմանադրությունում, բայց մինչ օրս տեղի ունեցած ընտրություններում այդ դրույթը կիրառելու անհրաժեշտություն չի եղել։
Այժմ գործող Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը 11 անդամ ունի, այդ թվում՝ արդարադատության նախարարը, օմբուդսմենը, խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարը, երեք ներկայացուցիչ քաղաքացիական հասարակությունից։
«Խորհրդի 6 անդամների քվեն բավարար կլինի հարցը ընդունելու համար, բայց ես ուզում եմ նաև հստակեցնել, որ խորհրդի քվեարկությամբ չէ, ամեն դեպքում, որ Սահմանադրությունը կարող է փոխվել, դա պետք է հետո արդեն ունենա Կառավարության հավանությունը և այնուհետև Ազգային ժողովում հավաքի պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը», - նշեց Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգողը՝ շարունակելով. - «Ֆորմալ ընթացակարգ չկա, այսինքն՝ ֆորմալ առումով Կառավարությունը կարող է չհետևել մեր ռեկոմենդացիային, բայց դա, եկեք համաձայնենք, որ ամբողջությամբ իմաստազուրկ կդարձնի ընդհանրապես այս խորհրդի գոյությունը»:
Կայուն մեծամասնության թեմայով գումարված առայժմ միակ նիստի ընթացքում խորհրդի բոլոր անդամների տեսակետները պարզ չդարձան։
«Նախաձեռնությանը բավական հստակ և աներկբա կերպով սատարում են խորհրդի քաղհասարակության անդամ ներկայացուցիչները, այսինքն, բացի ինձնից՝ Արթուր Սաքունցը և Տիգրան Եգորյանը, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի կողմից ներկայացված Էդմոն Մարուքյանը», - ասաց Իոաննիսյանը:
Պետք է փորձեն բոլորին համոզել
Մինչ այդ, Դանիել Իոաննիսյանն ասում է՝ պետք է փորձեն բոլորին համոզել, ընդ որում՝ եթե հանձնաժողովի անդամները ձգձգեն նիստերի անցկացումը, դա անհնար կդարձնի Սահմանադրության այս դրույթից մինչև 2026 թվականը հրաժարվելը։
«Անձամբ իմ վերաբերմունքը հետևյալն է՝ մանրամասն ուսումնասիրել, խորանալ, հասկանալ: Միանշանակ է, որ որպես հայեցակարգ և հանրաքվեին դրվող դրույթ՝ կայուն մեծամասնությունից հրաժարվելը ընդունելի է, բայց դա որպես առանձին վերցրած հատված, կտոր փոփոխությանը ես դեռևս դեմ եմ, բայց քննարկումները շարունակվելու են», - ավելի վաղ «Ազատությանն» ասել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Ազատություն»-ը փորձեց խորհրդի մյուս անդամներից պարզել նրանց տեսակետները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց՝ ելույթ կունենա հաջորդ նիստին, իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախընտրեց առայժմ չխոսել, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանն ավելի վաղ արդեն հայտնել էր «Ազատությանը», որ դեմ է գաղափարին։ Իսկ արդարադատության նախարարն ասել էր, որ կայուն մեծամասնությունից հրաժարվելուն ընդհանրապես կողմ է, բայց ոչ՝ հրատապ։
«Գիտեք, մենք պետք է ամենաամենաուշը հունվարին գոնե ունենանք ընդունված սահմանադրական փոփոխությունը», - ասում է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգողը:
Հաջողելու համար անհրաժեշտ է, որ այս տարի խորհրդարանը փոխի Սահմանադրության դրույթը, դրանից հետո փետրվարին պատրաստ լինեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ապա ստացվի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, և գործընթացն ավարտված լինի 2025-ի հունիսին՝ 2026-ի ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ։