Մատչելիության հղումներ

Սահմանադրությունից կհանվի՞ կայուն մեծամասնության դրույթը մինչև 2026-ի ընտրությունները


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից վերջնական պարզ չդարձավ՝ խորհրդի 11 անդամները համաձա՞յն են Սահմանադրությունից հանել խորհրդարանի կայուն մեծամասնության վիճահարույց սկզբունքը մինչև 2026 թվականի ընտրությունները՝ չսպասելով 2027-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին։

Առաջարկը ներկայացրած Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, վստահ է՝ քաղաքականապես առավել առողջ մթնոլորտ ունենալու համար պետք է փոփոխված Սահմանադրությամբ գնալ ընտրության։

«Ինչի՞ է պետք փոխել այդ սկզբունքը, առաջինը՝ որ այն հակասում է պառլամենտարիզմի էությանը», - ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Այս փոփոխությունը՝ այս մեր առաջարկած ձևով, կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի ձայներով, և չի հակասում Սահմանադրության այլ դրույթների, այդ թվում՝ առնչվող 90-րդ կամ 149-րդ հոդվածներին»:

2015-ին՝ Հանրապետականի օրոք ընդունված Սահմանադրությամբ, եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50 տոկոսից ավելին, և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա առավելագույն թվով ձայներ ստացած ուժն ի վերջո ձեռք է բերում այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։ Օրինակ՝ կարող է լինել մի իրավիճակ, որ ընտրողների քվեների 25-30 տոկոսը հավաքած ուժը դառնա մեծամասնություն ու միայնակ ձևավորի կառավարություն:

«Նման համակարգ աշխարհում չկա ոչ մի լիարժեք երկրում, կա միայն Սան Մարինոյում: Եվ վերջինը՝ նշեմ, որ մենք խոսում ենք մի կարգավորման մասին, որը ուղիղ 100 տարի առաջ՝ 1924 թվականին, կայունության սուտ խոստումներով՝ ժամանակը ցույց տվեց, որ սուտ խոստումներով, ներդրվել է Իտալիայում Բենիտո Մուսոլինիի կողմից», - ընդգծեց Իոաննիսյանը:

Այսօրվա քննարկմանը հանձնաժողովի ոչ բոլոր անդամները կարծիք հայտնեցին, իսկ մի քանիսը նիստին միացել էին օնլայն և հարցեր էլ չտվեցին՝ այն դեպքում, երբ ըստ զեկուցողի՝ եթե գործընթացը մի քանի ամիս էլ ձգձգվի, կտապալվի, քանի որ Սահմանադրության այդ դրույթը փոխելուց հետո դեռ անհրաժեշտ կլինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում և այլն:

Նիստին ներկա իշխանական պատգամավորներն ու արդարադատության նախարարը փաստացի փոփոխությանը դեմ չէին, բայց՝ ոչ հրատապ կարգով:

«Խորհրդի անդամներից շատերը ընդհանուր գաղափարին կողմ էին, բայց ոչ հրատապ կարգով»

«Անձամբ իմ վերաբերմունքը հետևյալն է՝ մանրամասն ուսումնասիրել, խորանալ, հասկանալ: Միանշանակ է, որ որպես հայեցակարգ էդ հանրաքվեին դրվող դրույթ՝ կայուն մեծամասնությունից հրաժարվելը ընդունելի է, բայց դա որպես առանձին վերցրած հատված, կտոր փոփոխությանը ես դեռևս դեմ եմ: Բայց քննարկումները շարունակվելու են», - ասաց նախարար Գրիգոր Մինասյանը:

Ավելին, արդարդատության նախարարի տպավորությամբ՝ այդ կարծիքը նաև խորհրդի անդամների մեծամասնությունն է կիսում. - «Խորհրդի անդամներից շատերը ընդհանուր գաղափարին կողմ էին, բայց կողմ չէին այսօր հրատապ, այսինքն՝ հայեցակարգ ոչ թե ձևավորել, այլ մեկ հոդված փոփոխություն անել, որը խաչվում, և գոնե իրավական-մասնագիտական տեսանկյունից կար մտահոգություն, որ այլ հոդվածների հետ հակասություն կառաջանար»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ այսպիսի հատվածական լուծումը կարող է խնդիրներ ստեղծել։

«Բացի դրանից՝ նաև փոխկապակցվածություն կարա լինի այլ հոդվածների հետ, և ի վերջո մենք խոսում ենք իշխանությունների ճյուղերի բալանսավորման մասին, մենք խոսում ենք ընտրական համակարգի փոփոխության մասին, որը պետք է իրականացվի ոչ թե կցկտուր, այսինքն՝ մի դրվագ այստեղ, մի դրվագ այստեղ, այլ պետք է այնպիսի լուծում լինի, որ լինի համապարփակ և ընդգրկի բոլոր հնարավոր հարցերի պատասխանները», - ընդգծեց Վարդանյանը:

Դատելով այսօրվա ելույթներից՝ հանձնաժողովի 11 անդամներից երեքը՝ քաղհասարակության ներկայցուցիչները կողմ են կայուն մեծամասնության դրույթից մինչև 2026 թվականը հրաժարվելը, պարզ չդարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանի, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեսակետը։

Միանշանակ չէ նաև ընդդիմադիր դաշտը։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանն ասաց՝ իրենց կուսակցությունում քննարկել են ու որոշել, որ կողմ են Սահմանադրության ամբողջական, ոչ թե հատվածական փոփոխություններին. - «Մասնակի փոփոխությունը այս պահի դրությամբ ընդունելի չէ՝ հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ Սահմանադրության ցանկացած մասնակի փոփոխություն կարող է ընկալվել որպես պարտադրանք, հարկադրված քայլ՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար: Այդ նկատառումներից ելնելով՝ մենք կարծում ենք, որ Սահմանադրության փոփոխությունները այս պահի դրությամբ ժամանակավրեպ են»:

«Սերժ Սարգսյանը ներդրել է Հայաստանում: Հիմա ասում ենք՝ եկեք էդ Մուսոլինիի մեխանիզմը հանենք, և էս քննարկումը դրա մասին է, և որքան որ գնում է էս քննարկումը, այնքան ես հասկանում եմ, որ ոնց որ թե չի հանվելու էս մեխանիզմը», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Նա առաջարկում է հարցին նայել պարզ՝ մինչև իրավական մանրամասները քննարկելը. ցանկանո՞ւմ են հանձնաժողովի անդամները հրաժարվել կայուն մեծամասնությունից մինչև 2026-ի ընտրությունները, թե՞ ոչ. - «Մնացած պատմությունները որևէ մեկին չի հետաքրքրում, որ՝ «այո, մենք ուզում ենք հանենք, բայց դա կհանենք հետո»: Այսինքն՝ իսկ ո՞վ է ձեզ ասել, որ դուք հետո կլինեք իշխանություն և կունենաք շանս՝ ազատվելու այդ մուսոլինիական համակարգից: Հետևաբար՝ պետք է էդ շանսը օգտագործել էն ժամանակ, երբ որ կա, երբ որ դու ունես էդ լծակները, կամ կանգնել ազնիվ ասել, որ «հա դե, էն ժամանակ ասել ենք, հիմա չենք ուզում փոխենք, ի՞նչ եք ուզում»:

Մարուքյանին դեժավյու են հիշեցնում կայուն մեծամասնության դրույթի խնդրահարույց լինելու շուրջ քննարկումները, նա հիշեցրեց՝ ուղիղ 9 տարի առաջ՝ 2015-ին, հենց սեպտեմբերի 5-ին «Ազատությանը» հարցազրույց էր տվել՝ կրկին խոսելով կայուն մեծամասնությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG