Մատչելիության հղումներ

Քանի դեռ սահմանն Ադրբեջանի հետ սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան


Ադրբեջանի հետ հայտնի հանգամանքներով պայմանավորված պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատումը, Հանրային ՀԸ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի դեռ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի», - նշեց նա, շարունակելով. - «Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով»։

Նա հերքեց լուրերը, թե Հայաստանի ձեռքի տակ չկան 1988թ. Խորհրդային հանրապետությունների նախարարների խորհրդի տեղակալների կողմից հաստատված արձանագրումները երկու երկրների սահմանների մասին։

«Այդ բոլոր փաստաթղթերը կան, ՀՀ կառավարության տրամադրության տակ են։ <> Այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, և այդ փաթեթը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», - անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին սահմանազատումը հատվածական անելու մասին՝ նշեց Փաշինյանը։

  • Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն ի սկզբանե ուղեկցվում է բողոքի ակցիաներով: Տավուշից բացի, նաև այլ մարզերում ու Երևանում անհնազանդության տարբեր ակցիաներ են անցկացվում: Ընդդիմադիրներն ասում են՝ այս սահմանազատմամբ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում։ Նման տեսակետներ կան նաև տեղում։
  • Ավելին, տեղի բնակիչները անվտանգության հարցն են նաև բարձրացնում։

XS
SM
MD
LG