Ինքնիշխանություն, իրավազորություն, իրավունքներ-պարտականություններ և տարածքային ամբողջականություն այս քառամիասնությունը կուժեղացնի, կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունը և զարգացումը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահամանզատման գործընթացին։
«Զրույցներ պետության մասին» շարքի 4-րդ մասում Փաշինյան մեկ բաժակ ջրի օրինակով է նշում՝ եթե իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի և կոնկրետության մեջ, այդ իրավունքները և պարտականությունները կիրառելի են, իրագործելի են, կենսունակ են, իսկ երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ապա, ըստ գործադիրի ղեկավարի, դրանք լղոզվում են, դառնում են անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարություններ են ստեղծում և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի։
«Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կենկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», - ասել է վարչապետը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Երեկ Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանազատման գործընթացի դեմ։ Տավուշցիները նշում են, որ միակողմանի զիջումներ են արվում, իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Ընդդիմություն էլ մեղադրում է իշխանություններին «Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու» գործընթացի մեջ։