Մատչելիության հղումներ

«Բնակիչներին նորից անորոշության մեջ են դրել». Կիրանցիները հուզված դուրս եկան կառավարությունից


Կիրանցի մի խումբ բնակիչներ՝ շուրջ տասը հոգի, կառավարության շենքում վարչապետի հետ հանդիպում են ունեցել:

Կիրանցի բնակիչները կառավարությունից դուրս եկան հուզված: Լրագրողների հետ նրանք գրեթե չշփվեցին, միայն 2 բառով ասելով՝ ամեն ինչ նույնն է մնում, նորություն չկա:

Որոշ մանրամասներ պատմեց բնակիչների հետ դուրս գալուց հետո շփված «Հայաստան» խմբակցության պատգամավոր ծնունդով Կիրանցից Գեղամ Նազարյանը. - «Ոչ մի նոր բան չի ասել, նորից՝ կարող ա սենց, կարող ա սենց, կարող ա գիծը սենց անցնի, կարող ա նենց անցնի, կարող ա շատ վատ անցնի, կարող ա մի քիչ լավ անցնի, 7 օր կարող ա անվտանգ ապրեք, 8-րդ օրը վտանգավոր ապրեք»:

«Իմացանք, որ բնակիչներին նորից անորոշության մեջ են դրել, տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն պահանջները, այն խնդրանքը, այն ողջամիտ առաջարկները, որ արվել է Կիրանց գյուղի կողմից ոչ մեկը ընդունելի չի եղել», - ներկայացրեց Նազարյանը՝ հավելելով, - «Իրա բառերն եմ ասում, ասել ա, որ սահմանապահը կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի»:

Պատգամավորն ընդգծեց՝ կիրանցիները հիմա շատ վատ տրամադրության մեջ են. - «Իրանք հիմա շոկի մեջ են: Ոչ մեկիդ չեմ ցանկանում գան ասեն՝ դուռդ բացելու ես, ադրբեջանցի զինվոր ես տեսնելու, կարա՞ս վայրկյանների ընթացքում որոշում կայացնես: Էս մարդիկ պետք ա վերապրեն էդ ամեն ինչը, հասկանան ինչ են անում: Մեկը ասում ա՝ տունս եմ վառելու, մեկն ասում ա՝ տանկ եմ բերելու տանս առաջ»:

«Ի՞նչ անի մարդը, եթե եկել են իրան ասում են՝ գիտես սահմանը ոչ թե սովետական տարիների է անցել, էդ ձևով պիտի անցնի, այլ պիտի անցնի.... Ասում ա՝ պարզվում ա՝ Սովետական միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց ա անցնում, հիմա նոր սահման են հորինում, ինչ-որ կետեր կա, պայմանական A, B, C, D, հիմա ասում ա՝ էդ պայմանական А կետը հանկարծ հայտնվում ա կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի ուղղությամբ, Սովետի ժամանակ նման սահման գոյություն չի ունեցել», - նշեց Գեղամ Նազարյանը:

Լրագրողների հարցին՝ հանդիպման արդյունքները հաշվի առնելով ընդդիմությունը ի՞նչ քայլեր պետք է անի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ես չեմ կարա ասեմ հիմա, ես էս պահին որպես կիրանցի մարդ, Կիրանցի բնակիչ, ես էլ լավ չեմ անկեղծ ասած, մտքերի մեջ եմ, զայրացած եմ, հուզված եմ, չեմ կարա ասեմ: Բայց էն, որ տեղի է ունենում սարսափելի բան... ես ուզում եմ լրագրողներն էլ ֆիքսեն, իրավապաշտպաններն էլ, միջազգային կառույցները, դեսպանությունները, եթե իրանց հետաքրքիր կլինի, տեղի ա ունենում մեծ անարդարություն, անազնվություն, մեծ գողություն: Եկել են Հայաստանի տարածքը, Սովետական Հայաստանի, որ եղել է, դրանից մի մաս գողանան, էսքան բան, ու դա անում են Կիրանց գյուղի բնակչի հաշվին: Էդ ամենով հանդերձ նույնիսկ երաշխիք չեն տալիս, որ դու անվտանգ ես»:

Նազարյանի փոխանցմամբ՝ Կիրանց գյուղի վարչական ղեկավարը բնակիչների դուրս գալուց հետո դեռ մնացել էր կառավարության շենքում, այլ մանրամասներ չհայտնեց:

Ընդդիմադիր պատգամավորի պնդումը, թե հնարավոր է սահմանը այլ հատվածներով անցնի որևէ այլ աղբյուր չի հաստատում:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ, նշված է հաղորդագրությունում։

Կիրանցիներն այսօր հանդիպել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Օրերս Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում փակած քաղաքացիներին էր այցելել Տավուշի մարզպետը, ասել, որ «Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ», հստակեցումներ պետք է արվեն։

Ճանապարհն այդ հատվածում շուրջ 10 օր փակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG