Մատչելիության հղումներ

Կիրանցիները վարչապետի հետ հանդիպումից հետո հիասթափված են վերադարձել գյուղ


Կիրանցիները հերթապահում են գյուղի սկզբնամասում, 27-ը ապրիլի, 2024թ.
Կիրանցիները հերթապահում են գյուղի սկզբնամասում, 27-ը ապրիլի, 2024թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երեկվա հանդիպումից կիրանցիները հիասթափված են վերադարձել գյուղ: Ասում են, թե որևէ հուսադրող բան իրենց չեն ասել:

«Ոչ մի նոր բան չկա, նույնն ա: Կետերը անփոփոխական ա, ըլնելու ա էդ ձև սահմանագիծ, ու որը խանգարելու է մեր Կիրանց գյուղի անդորրը: Քննարկում ա, որ լավը կլի, բայց մենք լավ բան չենք տենում: Էդ մեզ համար չի լավ ըլնելու, էլի, չգիտեմ՝ ում համար լավ ա ըլելու, բայց մեր համայնքի համար հաստատ լավ չի ըլելու», - ընդգծում է կիրանցի Վլադիմիր Շահինյանը:

Գործադիրում, ըստ Շահինյանի, հաստատակամ են՝ սահմանազատումը չի շրջանցի Կիրանցը. գյուղի կամուրջն ու հարակից հատվածներն Ադրբեջանին են անցնելու: Իշխանությունների հայտարարությունները, թե դրանք ըստ խորհրդային քարտեզների Ադրբեջանին են պատկանում, քչերին են համոզել, նշում է երիտասարդ կիրանցին:

Վլադիմիր Շահինյանն ասում է՝ երեկվա հանդիպումն ավելի է մեծացրել անորոշությունը, ըստ կիրանցու՝ իր տունը սահմանակից մի քանի մետր է հեռու լինելու՝ տարբեր քննարկումներից ու հրապարակված քարտեզներից է ենթադրել.

«Հենց էս մարդկանց փողոց դուրս գալու խնդիրներից մեկը բարձրաձայնելու, հենց էդ ա, որ մեզ կոնկրետ բան չեն ասում: Միգուցեև իրանք գիտեն, բայց անորոշության մեջ են պահում մեզ: գոնե մեզ ներկայացնեն էն, ինչ որ փաստացի կա, խնդիրը հենց էդ էլ ա, դրա մեջ էլ ա խնդիրը՝ անորոշության մեջ: Մենք չգիտենք՝ մարդկանց ինչքան ժամանակ կտան դուրս գալու համար, մենք հլը վստահ չգիտենք՝ պետությունը էդ մարդկանց ոնց ա տեղավորելու»:

Միակողմանի զիջում է որակում սահմանազատումը, որն, ըստ կառավարության, անվտանգային ռիսկերն է նվազեցնելու: Շահինյանը պնդում է՝ Կառավարությունում իրենց չեն էլ հուսադրել, որ սահմանազատումից հետո իրենք անվտանգ կապրեն իրենց գյուղի տներում:

«Եթե գա դպրոցի հայաթով անցնի, ո՞նց կարա ըտեղ դպրոց աշխատի, էրեխա դասի գնա, կամ ըտեղ գյուղացին ապրի: Եթե տանդ դուռը բացես, տենաս ադրբեջանցին ա կանգնած, դու կարա՞ս իրա հետ խաղաղ ապրես՝ էսքան արյուն թափելուց հետո: Չենք կարա իհարկե», - ասում է Շահինյանը:

Կիրանցիներից մեկի տունն էլ նախնական սահմանի ադրբեջանական կողմում է հայտնվելու: Մարդիկ ասում են՝ Կառավարությունը պետք է հստակեցնի՝ սահմանը հստակ որտեղո՞վ է անցնելու, որ իմանան իրենց անելիքները:

Կառավարությունից գյուղացիներին ասել են, թե գյուղ մասնագետները կգան, չափումներ կանեն ու կհստակեցնեն՝ ինչն է Ադրբեջանին անցնելու, բայց թե երբ, հայտնի չէ:

Մինչ այդ, քաղաքացիները շարունակում են փակ պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը, տեղում հոգևորականներ կան, Հայաստանի տարբեր մարզերից եկած քաղաքացիներ: Իսկ գյուղի սկզբնամասում էլ կիրանցիներն են: Շարունակում են հերթապահել:

XS
SM
MD
LG