Մատչելիության հղումներ

Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ


Արթուր Պողոսյան, Էդուրադ Հակոբյան
Արթուր Պողոսյան, Էդուրադ Հակոբյան

Կառավարությունն այսօր որոշեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին, իսկ Էդուարդ Հակոբյանին՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկուսն էլ նոր մարդիկ չեն։

«Պարոն Պողոսյանն արդեն շուրջ երկու տարի գլխավոր դատախազի տեղակալն է, իսկ պարոն Հակոբյանն արդեն շուրջ երկու տարի ֆինանսների նախարարի տեղակալն է», - նիստի ժամանակ հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Արթուր Պողոսյանը վստահեցրեց, թե մասնագիտական ողջ փորձն ու ամբողջ ներուժը ծառայեցնելու է Հայաստանում օրինականության ամրապնդմանը և քրեական արդարադատության ոլորոտում հասարակության սպասելիքների արդարացման գործին։

«Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ։ Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը», - հայտարարեց Պողոսյանը։

Էդուարդ Հակոբյանն էլ խոստացավ թիրախում պահել ստվերի շարունակական նվազումն, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ ծանրակշիռ պայքարը։

ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 18-ին հայտարարեցին պաշտոնները թողնելու մասին։ Մեկ օր անց կառավարության որոշումներով՝ նրանք ազատվեց պաշտոններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները՝ վստահեցնելով՝ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Մանրամասները տե՛ս այստեղ

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG