Մատչելիության հղումներ

«Վկայում է կառավարման ձախողման մասին». Արթուր Սաքունցը՝ պաշտոնանկությունների մասին


«Վկայում է կառավարման ձախողման մասին», - անդրադառնալով օրերս տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեցին, որ լքում են պաշտոնները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները՝ վստահեցնելով՝ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Մեկ օրում բարձրաստիճան 6 պաշտոնյաների հրաժարականները վարչապետի խնդրանքով ժողովրդավարակա՞ն գործընթաց է:

Սաքունց. - Ժողովրդավարական ասվածը ենթադրում է հաշվետվողական թափանցիկ, բարեվարք կառավարում: Դա մեկանգամյա գործողության ակտ չի, դա գործընթաց է: Երբ մենք չենք տեսնում պատճառները, որոնց հիման վրա կամ որոնց հետևանքով գնահատվում է, որ ձախողումներ են եղել, հակառակ դեպքում ինչո՞ւ են հեռացվում, այդ պատճառների մասին խոսք չկա: Չէ, կա դժգոհություն, բայց բուն պատճառները, դրանց վերլուծությունը, բացահայտում - արձանագրումը շատ որոշիչ նշանակություն ունի: Դատաիրավական համակարգի վերաբերյալ բազմիցս են եղել, չէ՞, կոնկրետ առաջարկներ և կոնկրետ հարցերի վրա ուշադրություն, դրա՞նք են հանդիսացել պատճառները: Որովհետև պաշտոնից հեռացնելու վերաբերյալ վարչապետի կողմից պատճառները և մեր ընկալմամբ պատճառները խիստ տարբեր են:

«Ազատություն». - Ավելին՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հեռանալիս ասել է, որ դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից: Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարական տալիս:

Սաքունց. - Նույն էլ, իհարկե, օրինակի համար ներքին գործերի նախարարի պարագայում: Ժամանակին գոնե ասում էինք, չէ՞, անցած տարվա սեպտեմբերին «Եռաբլուր»-ի հայտնի դեպքից հետո, երբ մենք՝ հասարակական երկու կազմակերպություն, հայտարարեցինք, որ այդ համակարգող խորհրդից դուրս ենք գալիս է, անթույլատրելի ենք համարում դրանց պաշտոնավարումը: Ավելին, որ ընդհանրապես «Եռաբլուր»-ում այդ բռնության անմիջական պատասխանատուները՝ ոստիկանապետը և նրա տեղակալը, նշանակվում է մեկը նախարար, մեկը արդեն ոստիկանության պետ, մեր ընկալմամբ ընդհանրապես պետք է նշանակումներ չարվեին: Որովհետև մարդու իրավունքների խախտման, այն էլ այդպիսի աղաղակող խախտման մեջ պատասխանատու անձանց չի կարելի պաշտոնի նշանակել: Հիմա այս ընթացքում, անցած 7 ամսվա ընթացքում, ի՞նչ փոխվեց: Ժողովրդավարությունը ինչ-որ բառակապակցություն չէ, որը պետք է տեղի-անտեղի օգտագործվի: Մեզ համար մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը որոշիչ նշանակություն ունի գնահատելու համար, թե հետևյալ գերատեսչության ղեկավար պատշաճ է աշխատում, թե՝ ոչ: Հասկանալի չեն չափանիշները, որոնց հիման վրա նման որոշում է կայացվում:

«Ազատություն». - Եթե ես դա անվանեի խմբակային քաղաքական պատասխանատվությո՞ւն:

Սաքունց. - Գործադիր իշխանության զգալի մի հատված է, երբ միաժամանակյա այդ ըստ բնագավառների ձախողումները պայմանավորված են ոչ միայն էդ անձանցով, այլ ժամանակին պատճառների մեջ խորամուխ չլինելու և դրանց լուծումներ չտալու հետևանք են, որը վկայում է կառավարման ձախողման մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG