Մատչելիության հղումներ

Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ


Էդուարդ Հակոբյան
Էդուարդ Հակոբյան

Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ, տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անկուսակցական, 33-ամյա Հակոբյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ից։

Էդուարդ Հակոբյանը 2013-ից Ֆինանսների նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին։ Թեև Պետրոսյանն էլ ասել էր, որ «նման առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա»:

Բադասյանը նոյեմբերի 18-ին հայտարարեց, որ ազատման դիմում է գրել՝ առանց պարզաբանումներ ներկայացնելու։ Մեկ օր անց կառավարության որոշումով՝ նա ազատվեց պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները՝ վստահեցնելով՝ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Այսօր անդրադառնալով իր վարած կադրային քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում, մասնավորապես, գրել է, որ նոյեմբերի ընթացքում բարձր պաշտոնների նշանակված/առաջադրված մարդիկ կա՛մ 2018-ի հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը և արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կա՛մ 2018-ի հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, իսկ հեղափոխությունից հետո «իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել»։

«Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձևերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ», - հայտարարել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG