Արտաշատում անչափահասների վիճաբանությունն ավարտվել է երկու հոգու սպանությամբ: Յոթ ամիս առաջ տեղի ունեցած այս դեպքի գործը դեռ դատարան չի հասել, կողմերը դժգոհ են իրավապահների աշխատանքից:
Անցած նոյեմբերին տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում մահացել է 46-ամյա Արտակ Մաթևոսյանը, իսկ Աննա Բաղդասարյանի 15-ամյա որդին, ըստ մահվան եզրակացության՝ դանակի հարվածից: Պատանու տատը պնդում է՝ թոռան մարմնին նաև հրազենային վնասվածքներ են եղել:
«Ես հավատում, սիրում և ընդունում եմ Հիսուսին, Աստծուն ու իր պատվիրանները: Ու ես հասնելու եմ իմ միակին, ով կողքիս կլինի մինչև կյանքիս վերջ», - սա գրել է տղաս մահվանից 20 օր առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աննա Բաղդասարյանը, - «Իմ բալային չկարողացանք փրկել»:
«Ամբողջ մարմինը՝ ոտքի ծայրից մինչև մազերի վերջին ծայրը, վերքերի մեջ էր: Երբ հիվանդանոցում բացեցին իրեն կուրծքը, ամբողջ կուրծքը ծակոտկեներ էին, ամբողջ կուրծքը՝ վիրավոր, մատները կոտրված», - ասաց սեփական տան բակում սպանված Ռոբերտի տատը՝ տիկին Արմենուհին:
15-ամյա պատանին փորձել էր պարզել, թե ինչու են իր զարմուհուն նեղացրել։ Հարաբերությունները պարզելու նպատակով երիտասարդների առաջին հանդիպումը տեղի է ունեցել գերեզմանոցում։ Տիկին Արմենուհին պատմում է՝ թոռները տուն են վերադարձել ծեծված ու արյունլվա։
Նրանց հայրը, տեսնելով որդիների վիճակը, ճշտել է, թե ովքեր են ծեծել։ Ռոբերտն ասել է, որ այդ խմբից միայն Տիգրանին է ճանաչում: Հայր ու որդի գնացել են Տիգրանի հոր հետ հանդիպման։ Տիկին Արմենուհու խոսքով՝ որդու նպատակը երեխաներին հաշտեցնելն էր, սակայն հանդիպումը չի կայացել՝ Տիգրանի հայրն աշխատանքի է եղել։
«Տղաս առաջարկել է հանդիպել մեր բակում։ Բայց նրանք մի քանի մեքենայով ու զինված եկան։ Տանը որդիս էր, ծեծված անչափահաս թոռներս, հարսս ու երկուսուկես տարեկան թոռնուհիս», - պատմեց տիկին Արմենուհին՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել իրենց աչքի առաջ. - «Իրենք մտնում են, մեկ րոպե հետո ընդամենը էս Տիգրանը հարվածում է տղայիս գլխին: Տղաս ընկնում է գետին, էդ 20 հոգին հարձակվում են, անխիղճ ձևով, դաժանորեն, ոտքերով ծեծում են գետին ընկած տղայիս, թոռներս որ փորձում են պաշտպանել, իրենց էլ են ծեծում: Այ հենց ստեղ, ոտքերս թուլանում, էսպես ծնկում եմ, ինձ թվաց, թե երեխաներս մահացել են»:
Սպանված պատանու տատն ու մայրը պատմում են՝ իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ են սկսվել:
«Երեխաս ձեռքիս, երկուսուկես տարեկան, երեխաս էնտեղից է լացում, ես չեմ իմանում ինչ անեմ, ամուսինս վայր ընկած: Հանկարծ նկատում եմ, որ կրակում են տղայիս վրա, տղաս կռանում է, տան ուղղությամբ եմ գալիս, ամուսինս դեմս է ելնում՝ արդեն որսորդական զենքը ձեռքին: Էդքանից հետո ես փորձում եմ ամուսնուս համոզել, որպեսզի չկրակի, ասում է՝ «թող, էրեխեքիս սպանեցին»: Դուրս է գալիս, սկսում է զգուշացողական կրակներ անի՝ օդ, ավտոմեքենաների հետևից, ոչ թե իրենց վրա, իրենցից կանգնած կային հենց իր կողքին, իրենց վրա անգամ նշան չի բռնում, որպեսզի սրանք թողնեն հեռանան», - պատմեց Աննա Բաղդասարյանը:
«Որդիս բոլորիս պաշտպանելու համար տանից վերցրեց հոր որսորդական զենքը, կրակեց օդ ու հատակին, որ մեզ չմոտենան: Ոչ մեկի ուղղությամբ չի կրակում», - հավելեց սկեսուրը:
Արդեն յոթ ամիս է բանտում են մահացած տղայի հայրը, որը մեղադրվում է որսորդական զենքի ապօրինի կիրառման և սպանության հոդվածով, ու 20-ամյա Տիգրան Աթանեսյանը՝ անչափահասի նկատմամբ, կամ խուլիգանական դրդումներով սպանության հոդվածներով: Հարազատները վստահ են՝ Ռոբերտին Տիգրանն է դանակահարել: Ռոբերտի հարազատները դեպքից յոթ ամիս անց են որոշել խոսել, դժգոհ են իրավապահների աշխատանքից: Կալանավորված երկու անձինք ազատ են արձակվել, մեկը հենց այդ օրերին է հասցրել փախչել ու մինչև հիմա որոնվում է:
«50 հոգի հարձակվել են իմ տանս վրա՝ հրացաններով, ատրճանակով, դանակներով, մահակներով, ու հիմա նստած է իմ տղան մենակ, ցմահ հոդվածներով: Հարցնում եմ՝ ինչի՞ համար», - ասաց տիկին Արմենուհին:
Թե ինչ հանգամանքներում է մահացել Ռուբենյանների տուն եկածներից 46-ամյա Արտակ Մաթևոսյանը, նրանց փաստաբանը չի մանրամասնում՝ որպես պատճառ նշելով նախաքննական գաղտնիքը:
«Ցավալի դեպք է տեղի ունեցել, դա ոչ մեկ չի կարող ժխտել, բայց այն, որ տվյալ դեպքը կատարվել է իմ պաշտպանյալ Տիգրան Մաթևոսյանի կողմից, կամ նա առնչություն ունի տվյալ սպանությանը, գտնում ենք, որ վարույթով որևէ կերպ չի հաստատվել: Եթե ես դեպքի հանգամանքների մասին պարզաբանումներ ներկայացնեմ, կստացվի՝ նախաքննական տվյալներ եմ հրապարակում», - «Ազատությանը» ասաց Դավիթ Ավանեսյանը:
Արտակ Մաթևոսյանը Տիգրանի հարազատներից է: Արյունոտ ողբերգության այս կողմն էլ է դժգոհ նախաքննության ընթացքից:
«Իմ պաշտպանյալը դանակ չի ունեցել, որևէ գործողություն չի կատարել: Տուժող կողմի հարազատներն են ինչ-որ նման ենթադրություններով տվյալներ հայտնում», - պնդեց Տիգրանի փաստաբանը:
Ավանեսյանի խոսքով՝ իր վստահորդը չի ընդունում սպանության մեղադրանքը. - «Իմ պաշտպանյալը ընդամենը գտնվել է դեպքի վայրում, այլ գործողություն՝ ուղղված որևէ անձի կյանքից զրկելու, չի կատարել: Բոլոր հանգամանքները ի հայտ չեն բերում հատկապես այդ դեպքին այդ այն առիթը, որից այս խոսակցությունները վերջում ողբերգական դեպքը տեղի է ունեցել, այդ հանգամանքները չեն պարզվում: Առայսօր չի պարզվել, թե հենց ինչ պատճառով սկսվել այդ ամենը»:
Որդու կորստի հետ չհաշտվող 40-ամյա Աննա Բաղդասարյանը պնդում է՝ իր ամուսինը ոչ մեկին չի սպանել: Իր ընտանիքը հայտնվել է իսկական մարտաֆիլմում, վիրավոր որդու վերջին խոսքերն է հիշում ու արդեն յոթ ամիս ինքն իրեն հարցնում՝ ինչպե՞ս ընդամենը ութ րոպեում իրենց կյանքը դժոխքի վերածվեց, «չհասցրեցինք անգամ ոստիկանություն զանգահարել, փորձում էինք պաշտպանվել, պատսպարվել կրակոցներից»,- ասում է, բայց...
«Երբ ամուսինս ուշքի եկավ, մենք անմիջապես հետ վազեցինք, այդ ժամանակ արդեն տղաս ինձ ընդառաջ եկավ, ընկավ գետին, արնահոսում էր ... Երբ ես հարցրեցի, ասեցի՝ «Ռոբ ջան, ի՞նչ ա եղել», ասեց՝ «մամ, չհասկացա, Տիկոն ...», ու իրեն բնորոշ ձևով, իր քաջ տեսակով փորձեց ինձ մխիթարել՝ ասելով՝ «մամ, լավ եմ»: Սա տղայիս վերջին խոսքերն էին», - պատմեց Աննան:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախորդ տարի նոյեմբերի 8-ին նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտական փուլում է, հարուցվել է քրեական գործ վեց անձի նկատմամբ, մեղադրյալ են նրանցից երկուսը, հետախուզվող տղամարդը դեռ չի հայտնաբերվել, երեքն ազատության մեջ են: Քննիչները բողոքարկել են դատարանի որոշումը նրանց ազատ արձակելու վերաբերյալ, պատասխանը ստանալուց հետո գործը կուղարկվի դատարան:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, միայն նախորդ տարի զենքով կատարված հանցագործության 109 դեպք է արձանագրվել՝ 15-ով ավելի շատ, քան 2023-ին: Իսկ այս տարվա միայն առաջին հինգ ամիսներին, արդեն 66 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը 5-ով է աճել: