Հայաստանում վերջին ամիսներին առնվազն երկու աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել ապօրինի ինքնաձիգներով։ Ամենավերջինն օրերս՝ Մերձավանում 29-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձավ։ Ողբերգական օրվա տեսագրությունում ծեծկռտուքին մասնակից երիտասարդներից մեկի ձեռքին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ է։ Թե ինչպես է այն հայտնվել երիտասարդի մոտ, Քննչականը դեռ չի պարզաբանել:
Ամիսներ առաջ էլ Արմավիրում քաղաքացին AK-74 ինքնաձիգով կրակել էր իր հետևից գնացած ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան էր մահացել։ Այդ դեպքում, սակայն, սպանության համար մեղադրվող Մանուկ Մարգարյանը խոստովանել էր՝ ինքնաձիգը Արցախից է բերել 2020-ի պատերազմից հետո։
«17 հազար ինքնաձիգ կա, որ էսօր անհայտացել է». - ներքին գործերի այժմ նախկին նախարար Վահե Ղազարյանն անցած տարեսկզբին էր հայտարարել, որ պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է կորած համարվում։ Թե դրանցից քանի տոկոսն են ոստիկանները հայտնաբերել անցած չորս տարիներին, չեն հստակեցնում։
Նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը շաբաթներ առաջ հայտնել էր՝ միայն 2024-ին ավելի քան 10 տոկոսով ավելի՝ 1600 միավոր զենք-զինամթերք է հայտնաբերվել։ Նախարարը հաստատել էր՝ զենքով կատարված հանցագործությունների թիվը 2024-ին աճել է։ Անցած տարվա 12 ամիսներին 109 նման դեպք է գրանցվել՝ 15-ով ավելի, քան 2023-ին։
«15 դեպքը կարող է շատ լայն հնչել, բայց ընդհանուր հանցավորության կառուցվածքում, մեր ունեցած վիճակագրությամբ, հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները 0.3 տոկոսն են», - ասել էր Սարգսյանը:
Ներքին գործերի նախարարը հրաժարվել էր հստակեցնել, թե հրազենով, զինամթերքով կատարված հանցագործություններից քանիսն է 2020 44-օրյա պատերազմից հետո կորած զինամթերքով կատարվել:
«Ես չէի ցանկանա հնչեցնել մի տվյալ, որը հետագայում քրեական վարույթով կարող է փոփոխվել, որովհետև այս բոլոր դրվագներով կա և նախաձեռնվում է և նախաձեռնվելու է քրեական վարույթ, որովհետև ցանկացած դեպքով երբ որ ոստիկանությունը հայտնաբերում է որոշակի կա՛մ ապօրինի զենք-զինամթերք, կա՛մ կա հրազենի գործադրմամբ հանցագործություն, էստեղ արդեն իդենտիֆիկացիան կոնկրետ քրեական վարույթի շրջանակներում պիտի լինի», - ասել էր Սարգսյանը:
Պարզ չէ նաև՝ կոնկրետ այդ հանցանքներից քանիսն են ինքնաձիգով տեղի ունեցել։ «Ազատություն»-ը նախարարություն գրավոր հարցում է ուղարկել։
Քաղաքացիների ձեռքում հայտնված ու պատերազմից հետո կորած զենքը քաղաքացիներին հենց վարչապետի որոշմամբ էր բաժանվել։ Սա ինքը՝ Փաշինյանը դեռ 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում էր հաստատել։
«Հայաստանի ժողովրդին, մարդկանց, ընդդիմությանը այդ թվում, ահռելի քանակությամբ զենք է բաժանվել՝ իմ որոշմամբ, ասել եմ՝ ով պատրաստ է հանուն հայրենիքի զենք վերցնի, բոլորը թող զենք վերցնեն», - հայտարարել էր վարչապետը:
Թե ինչու պետությունը բաժանելուց հետո հետևողական չէր եղել ինքնաձիգների վերադարձի համար, կամ ինչ պայմաններով էր այդ զենքը տրվել քաղաքացիներին, գործադիրից չեն բացատրել, անգամ երբ Կառավարության նիստում քննարկում էին կորած զենքի հարցը: Մինչդեռ պատերազմի մասնակից քաղաքացիներից մի քանիսը, չներկայանալու պայմանով, «Ազատությանն» ավելի վաղ հայտնել էին, որ զենքը զինկոմիսարիատներում ստացել են առանց գրանցման, իսկ պատերազմից վերադառնալուց հետո էլ՝ Ռազմական ոստիկանությունը չի հսկել՝ արդյոք իրենց մոտ զենք կա՞, թե՞ ոչ։
Պատերազմ գնացած Արման Պետրոսյանն էլ ասել էր՝ ինքն ու իր ջոկատի անդամները առանց ստուգման Արցախից Հայաստան են մտել. - «Մենք էլ երկու օրով արձակուրդ ենք եկել, մեզ, օրինակ, իմացել են՝ Քեռու ջոկատից ենք, ճանապարհը բացել են, ասել են՝ անցեք, ոչ ստուգել են, ոչ էլ հարցրել են՝ զենք կա՞ ձեր մոտ, թե՞ ոչ։ Էդ բարձիթողի վիճակն է, լոգիստիկայի խնդիրն է, կառավարման խնդիրն է: Եթե Ռազմական ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը իր գործառույթը ճիշտ իրականացներ, տենց խնդիրներ չէինք ունենա, Հայաստան ներթափանցած զենք չէր լինի կամ կլիներ ավելի քիչ»:
Ինչպե՞ս է զենքն անարգել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվել ու այդքան տարի այդպես էլ չի առգրավվել։ 44-օրյայից հետո ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և հափշտակելու շուրջ 300-ի հասնող դեպքերից 95-ով քրեական գործ էր հարուցվել, թե դրանցից քանիսն է դատարան հասել ու քանիսով կան դատապարտվածներ, ու արդյոք մեղադրjալների ցանկում նաև բարձրաստիճաններ կան, Քննչական կոմիտեից այսօր հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Գերատեսչությունից ամիսներ առաջ հայտնել էին միայն, որ հարուցված քրեական գործերի մի մասն է դեռ դատարան հասել։