Մատչելիության հղումներ

Հրազենով կատարված հանցագործությունների թիվը 2024-ին աճել է. 109 գրանցված դեպք


Հրազենով կատարված հանցագործությունների թիվը 2024 թվականին աճել է։ Ներքին գործերի նախարարությունն անցած տարվա 12 ամիսներին 109 նման դեպք է գրանցել՝ 15-ով ավելի, քան 2023-ին։

Հրազենով կատարված հանցագործություններից քանի՞սն է 44-օրյա պատերազմից հետո կորած համարվող զենքով կատարվել, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր խուսափեց թվեր նշել։

«Ես չէի ցանկանա հնչեցնել մի տվյալ, որը հետագայում քրեական վարույթով կարող է փոփոխվել, որովհետև այս բոլոր դրվագներով կա, նախաձեռնվում է ու նախաձեռնվելու է քրեական վարույթ, որովհետև ցանկացած դեպքում, երբ որ ոստիկանությունը հայտնաբերում է որոշակի կա՛մ ապօրինի զենք-զինամթերք, կա՛մ կա հրազենի գործադրմամբ հանցագործություն, էստեղ արդեն իդենտիֆիկացիան կոնկրետ քրեական վարույթի շրջանակներում պետք է լինի, հետևաբար առաջարկում եմ սպասել կամ վիճակագրությունը վերցնել այն մարմնից, որը կարող է ավելի հավաստի տվյալ տալ», - ասաց նախարարը:

2020-ի արցախյան պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ համարվում է կորած։ Դրանք վարչապետի որոշմամբ 44-օրյայի ժամանակ բաժանվել էին պատերազմ մեկնող քաղաքացիներին. թե այդ զենքի քանի՞ տոկոսն է հայտնաբերվել անցած չորս տարիներին, Ներքին գործերի նախարարությունից չեն նշում։ Այսօր նախարարն միայն ասաց՝ անցած տարի ավելի քան 10 տոկոսով ավելացել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումը։

Ըստ Սարգսյանի՝ 2024-ին ոստիկանությանը հաջողվել է ավելի քան 1 տոկոսով նվազեցնել հանցագործությունների թիվը. - «Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք թե՛ ոստիկանության կողմից, թե՛ նաև իրավապահ համակարգի ու նաև մյուս կառույցների կողմից, որը թույլ է տվել գրանցված հանցագործությունների թվում, ի վերջո ապահովել նվազում 1,1 տոկոսով»:

Ներքին գործերի նախարարն այսօր ամփոփում էր 2024-ը, այն որակեց բուռն՝ բարեփոխումների առումով։ Ներկայացրեց գերատեսչության ձեռքբերումները, սակայն, արդեն լրագրողների հարցերին պատասխանելիս խուսափեց գնահատականներից ոստիկանների կողմից ընդդիմության ցույցերի ընթացքում բռնություններ կիրառելու վերաբերյալ, և չբացահայտեց՝ ո՞վ է հունիսի 12-ին այդ ժամանակ դեռ արգելված «Զայրա 3»-ի կիրառման հրաման տվել։ Ասաց՝ այդ հարցերի պատասխանները պետք է քրեական վարույթները տան։

Այդ օրը ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով առնվազն հարյուր մարդ էր տուժել։

«Մեզ համար շարունակում է խնդրահարույց մնալ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքի մեթոդաբանության հետ կապված որոշակի հարցեր ու հատկապես ուժային միջոցի գործադրման հետ կապված ստանդարտներ: Ես որպես նախարար հարցը դիտարկում եմ ոչ միայն որպես խնդիր, այլ նաև կենտրոնանում եմ լուծման վրա: Իմ հրամանով արդեն ձևավորված է աշխատանքային խումբ, որը պիտի վերլուծի վերջին տարիներին զանգվածային մի շարք միջոցառումներ, թե՛ ուժային միջոցի գործադրման տեսանկյունից, թե՛ մեթոդաբանական առումով, մարտավարական հմտությունների առումով, առհասարակ պրոցեսը կազմակերպելու տեսանկյունից որ հատվածներն են, որոնք լավ են կազմակերպվում, որտեղ է, որ ունենք խնդիրներ, թերություններ ու ինչպես պետք է կազմակերպել պրոցեսը», - ընդգծեց նա:

Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ-ում անցած տարի հարուցված 51 ծառայողական քննություններից 45-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG