Մատչելիության հղումներ

«Ազատազէն»-ի 5 անդամներն ազատ են արձակվել՝ Քննչականի կասկածները չեն հաստատվել


Փաստաբան Տարոն Բաղդասարյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Փաստաբան Տարոն Բաղդասարյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Երեք օր զենք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով անազատության մեջ անցկացրած «Ազատազէն»-ի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու մյուս 4 անդամներն ազատ են արձակվել, Քննչականը նրանց մեղադրանք չի ներկայացրել, կասկածները չեն հաստատվել։

Գևորգյանը պնդում է՝ իրենց մի քանի օր փակի տակ պահելը մի նպատակ ունի. - «Թուլացնել սրբազանին, կողքից հանել ոչ մի քաղաքական կողմի չպատկանող մարդկանց, որ պրոցեսը վերածեն էլի եսիմ որերորդ անգամ նախկինների ու ներկաների պայքարի, հարամեն, արդյունքում մենք ունենանք հայրենիքի կորուստ»:

Քննչականը բերման ենթարկելուց հետո խուզարկել է ինչպես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից, «Ազատազէն»-ի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին ու մյուս 4 անդամներին, այնպես էլ՝ նրանց բնակարանները։

«Միանշանակ՝ բնակարանները խուզարկվել են, բնակարաններից հայտնաբերվել է զենք-զինամթերք, որոնք օրենքով սահմանված կարգով գտնվել են տանը, բոլոր զենքերը օրինական են եղել, որևիցե ապօրինի իր չի հայտնաբերվել որևիցե անձի տանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Տարոն Բաղդասարյանը:

Փաստաբանը պնդում է՝ քաղաքացիներին երեք օր ապօրինի պահել են ճաղերի հետևում, մինչդեռ իրավապահների կասկածները չեն հաստատվել հենց սկզբից, երբ Գևորգյանին ու մյուսներին բերման էին ենթարկել Ջրվեժ-Վարդաշեն ճանապարհից, ստուգել, որ նրանց մոտ որևէ կասկածելի իր չկա։ Իրենք պատրաստվում են բողոքարկել ձերբակալության որոշումները։

«Տեղում երբ որ ոստիկանությունը եղել է՝ քրեական հետախուզությունը, մոտեցել են բաժին՝ ոստիկանության ծառայողների հետ, այնտեղ իրականացվել է խուզարկություն՝ ընթերակաների ներկայությամբ, վերջիններիս մոտից որևէ ապօրինի ոչինչ չի հայտնաբերվել, և այնուհետև համապատասխան նյութերը փոխանցվել են քննչական մարմին, որն էլ, իր հերթին, անհասկանալի պատճառներով կայացրել է ձերբակալման որոշում», - պատմեց Բաղդասարյանը:

«Ազատազէն»-ի նպատակը, ըստ կազմակերպության կայքի, զենք կրելու և կիրառելու մշակույթը զարգացնելն է, նրանք նաև կրակային պատրաստության դասընթացներ են անցկացնում։

«Ես որ ապօրինի իր ունենամ, սա ամբողջ զինվելու գործին, զենքի մշակույթին նենց անդառնալի վնաս կտամ, որ ինձ էդ երբեք չի ներվի: Ես քարոզում եմ, որ մարդիկ օրինական զինվեն, ընկերներիս հետ անցկացնում ենք զենքի քննություններ», - «Ազատությանն» ասաց Իշխան Գևորգյանը:

Ձերբակալման ժամանակ «Ազատազէն»-ի անդամները պարկերի մեջ ավազ էին հավաքում։ Պնդում են, թե այդ պարկերով պատրաստվում էին փողոց փակել, մասնակցել անհնազանդության ակցիայի։

Անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքները պաշտպանող փաստաբան Արսեն Բաբայանը պնդում է՝ իրավապահները քաղաքացիներին ժամերով, նույնիսկ օրերով պահում են անազատության մեջ՝ ակցիաներից նրանց զերծ պահելու համար։

«Զենք կրելու, կամ զենքի շրջանառության ենթադրյալ կասկածով ձերբակալում են, իրականացնում են անձնական խուզարկություն և տեսնում են, որ չունի զենք իր մոտ, չի պահում զենք, խուզարկություններ են իրականացնում այլ վայրերում, տեսնում են, որ չկա զենք, հետևաբար՝ կասկածը հերքվում է, անմիջապես պարտավոր են ազատ արձակել կասկածյալին, այսպես ասած, կամ ձերբակալված անձին», - «Ազատությանը» ասաց Բաբայանը:

Իրավապահները, սակայն, շարունակում են հակադարձել՝ իրենց բոլոր գործողություններն օրենքի սահմաններում են, քննչական գործողություններն անցկացվում են ըստ ընթացակարգի։

Թե ընդհանուր քանի քրեական գործ է հարուցվել Տավուշում հատվածական սահմանազատման դեմ ակցիաների մասնակիցների մասով, իրավապահները դեռ չեն մանրամասնում։

Քննչականը, բացի «Ազատազէն»-ի գործից, հաղորդել է ցույցերի ժամանակ մայրաքաղաքում կատարված խուլիգանության երկու առանձին դրվագի մասին։ Քրեական գործերից մեկն էլ վերաբերում է ակցիաներին մասնակցելու դիմաց մարդկանց գումար տալուն։ Վանաձորցի 27-ամյա տղամարդը, ում անունը չի հրապարակվում, արդեն կալանավորված է։ Նա մեղադրվում է համաքաղաքացիներին 3000 դրամի դիմաց Ոսկեպարի ու այլ բնակավայրերի հավաքներին տանելուն հարկադրելու համար։

Ընդդիմադիրները հերյուրանք էին որակել գումարով ակցիաների տանելու մասին Քննչականի հաղորդագրությունը։

XS
SM
MD
LG