Մատչելիության հղումներ

Վնասն ահռելի է ու այս պահին դժվար հաշվելի. Գնել Սանոսյան


Հեղեղի հետևանքները Ախթալայում, 27-ը մայիսի, 2024թ.
Հեղեղի հետևանքները Ախթալայում, 27-ը մայիսի, 2024թ.

«Մոտ երկու մետր արդեն ջուրը նվազել է, ինչի հետևանքով, իհարկե, առաջացել է այս հսկայական աղետալի վիճակը և՛ Դեբեդ, և՛ Աղստև, և՛ Տաշիր գետերի և իրենց վտակների շուրջ առկա բնակավայրերում և տարածքներում». - հեղեղի վնասն ահռելի է ու այս պահին դժվար հաշվելի՝ սա Լոռու և Տավուշի մարզերում հեղեղից հինգ օր անց տարածքային կառավարման նախարարի գնահատականն է։

Պաշտոնյան, որ ղեկավարում է անհետաձգելի օգնության կառավարական օպերատիվ շտաբը, այսօր գործադիրի նիստում մանրամասներ ներկայացրեց:

Երկու մարզում ընդհանուր առմամբ շուրջ 20 կամուրջ է վնասվել. - «Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով յոթ բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն, և հիմա այնտեղի մատակարարումները իրականացվում են հիմնականում լեռնային անտառապատ մի հատվածի ճանապարհով, որը բարեկարգում ենք ընթացքում»:

141 մարդ դեռ մնացել է գետի մյուս ափին՝ Ալավերդիի Սանահին թաղամասում։ Սնունդն ու անհրաժեշտ իրերը փրկարարները դեռ շարունակում են ճոպաններով հասցնել։ Այդ գոտուց 443 մարդու են տարհանել:

Բնակիչների պնդումները, որ Լոռու մարզի Քարկոփ գյուղն էլ գոյություն չունի, փաստացի հաստատեց նաև Գնել Սանոսյանն ու շարունակեց. - «Գյուղը հիմնականում մեկուկես մետր և ավելի ջրածածկ է: Շատ մեծ վնասներ կան դրանից հարավ՝ դեպի Այրում կայարանում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն ամբողջ գետի հունով այգիներ, շինություններ, հասարակական տարբեր օբյեկտներ: Այսինքն՝ վնասների մի մասը դեռ տեսանելի չէ»:

Տարհանված բնակիչներից 44-ն այս պահին հյուրանոցներում են, մյուսները նախընտրել են ծանոթ-բարեկամների տանը մնալ կամ վարձով ապրել: Նախարարը պնդեց, որ բոլորի հետ կապ կա, անհրաժեշտ ամեն ինչ տրամադրվում է:

Պաշտոնյաների այս հայտարարություններին զուգահեռ՝ կամավորականները համացանցում շարունակում են սքրինշոթեր տարածել, որտեղ մարդիկ իրենց գրում են, թե ինչի պակաս ունեն՝ տակդիրից մնիչև ջուր ու այլ պարագաներ:

Բայց Սանոսյանն ասում է՝ փորձում են հնարավորինս համակարգված աշխատել: «Երեկ Թումանյան թաղամասը, մեծ մասը՝ մոտ 90 տոկոս մաքրել ենք, տիղմը և այլն հեռացրել ենք, և արդեն հնարավոր է, որ մասնագետները մոտենան շենքին, նկուղներին, բակերին, կարողանան մասնագիտական տեսանկյունից նայել», - նշեց նախարարը:

Խմելու ջուրը Դիլիջանում արդեն մասնակի մատակարարվում է, բայց խնդիրը դեռ սուր է Ախթալայում՝ ջրատար մեքենաներով ու տարաներով է մարդկանց ջուրը հասնում:

Աղետի առաջին օրերին, ըստ նախարարի, հազարավոր բաժանորդներ զրկվել էին գազից ու ջրից, հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով մի քանի հարյուրի:

Դեռ փակ է Վանաձորից Ալավերդի ու Այրում տանող ճանապարհը: Խոշոր վնասներ են կրել միջպետական մայրուղիների զգալի հատվածներ, օրինակ՝ Դիլիջանից Իջևան տանող հատվածը և ոչ միայն: Իսկ ամբողջովին ավերված հինգ ճանապարհներից չորսի անցանելիությունը, ըստ Սանոսյանի, վերականգնված է:

«Կարողացել ենք, այսպես ասած, փրկել մի շարք ճանապարհների քանդվելը, և դրա արդյունքում է, որ կարողացանք Մ-4 ճանապարհը, թեկուզ վնասված և միակողմանի, հինգ հատվածներում պահել երթևեկելի: Էդպիսին է նաև Մ-6-ը, նշեցի՝ 43 հատված է վնասված, և մի շարք տարածքներ վերականգնվել են՝ գոնե շինարարների, էլեկտրահաղորդման, գազամատակարարման, ջրամատակարարման մասնագետների և բնակավայրերը ինչ-որ ապրանքներով ապահովելու համար դարձրել ենք երթևեկելի», - ասաց նախարարը:

Կառավարության նիստում աղետից հետևություններ անելու մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհների ու կամուրջների շինարարության ստանդարտներին: Նախարար Սանոսյանն ընդգծեց՝ Ալավերդիում չեն փլուզվել երեք կամուրջներ՝ երկուսը՝ նոր կառուցված, մեկը՝ միջնադարյան։ Փաշինյանն էլ շարունակեց՝ հետևություններ և ուսումնասիրություններ անելու ժամանակն է:

«Եվ նաև մենք պետք է հասկանանք, թե տվյալ հատվածներում ճանապարհային հենապատեր եղել են, գոյություն ունեցել են, գոյություն չեն ունեցել, էդ հենապատերը ինչու չեն աշխատել: Եվ նաև վերլուծություն իրականացնենք, թե եղանակի տեսությանը մեր համապատասխան մարմինների արձագանքը ինչքանով է ադեկվատ եղել», - նշեց Փաշինյանը:

Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր Կառավարությունն աղետի գոտի է ճանաչել, 300 միլիոն դրամ հատկացրել: Տարածքային կառավարման նախարարն ասաց՝ գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է միավորվեն, նաև միջազգային ընկերությունների աջակցությանը պետք է դիմել, որ աղետի հետևանքները փորձեն վերացնել։

XS
SM
MD
LG