Հեղեղը կտրել է Քարկոփի ճանապարհը, ջուրը, հոսանքը, գազը:
«Սա գյուղի գլխավոր փողոցն է, առաջին հարկերը լրիվ լցված են ջրով: Սա մանկապարտեզի շենքն է՝ էլի ջրով լցված». - բնակիչներից Թագուհի Անդրեասյանը շրջում է գյուղում. Քարկոփում ապրել այժմ հնարավոր չէ:
«Սա մարդկանց տարիների, տասնյակ տարիների աշխատանքն է», - ընդգծում է Թագուհին: - «Էս պահին գյուղի բնակիչներն իրենց ուժերով փորձում են մաքրեն, ճանապարհները բացեն: Ես այսօր ամբողջ օրը առավոտից այստեղ եմ, բայց ոչ ոք չի եկել»:
Հեղեղի գիշերը ամբողջ գյուղը՝ շուրջ 270 բնակիչներով, փախել են, հիմնականում՝ հարևան Ճոճկան, ու առայժմ վերադառնալ, այստեղ գիշերել չեն կարող:
«Գյուղի բնակիչները սննդի կարիք էս պահին չունեն: Պետք է, որ վերականգնվի, մաքրվի, ու ժողովուրդը կարողանան իրենց տները գալ: Բնակիչները տներ են վարձել կողքի գյուղերում, որ կարողանան իրենց ընտանիքներին տեղավորել», - ասում է Թագուհի Անդրեասյանը:
«Գոնե կամրջի մասին ենք մտածում, կամուրջը որ լինի, ամեն ինչ կընկնի երևի, շատ դժվարությամբ, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի», - նշում է Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը:
Պետրոսյանն ասում է՝ տարհանված բնակիչներին դեղորայք, սնունդ հագուստ՝ եթե պետք է, տրամադրվում է, առաջնահերթը գյուղը տիղմից մաքրելն է: Բայց դա առայժմ անհնար է, քանի որ Քարկոփը կամրջի փլուզման պատճառով կտրված է մայրուղուց, Ալավերդիից, ևս չորս համայնքների հետ՝ Ախթալա, Շամլուղ, Ճոճկան, Այրում, արգելափակված են։
Ախթալայում սուր է ջրի խնդիրը
Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանն «Ազատությանը» փոխանցեց. - «Մինչ այս պահը որևէ մատակարարում չի եղել: Քաղաքում խուճապային տրամադրություն չկա: Խանութները որոշակի չափով դեռ կարողանում են սպասարկել, ինչպես նաև՝ դեղատունը: Կարևոր խնդիրներից վառելիքի խնդիրն է՝ մեքենաները սկսել են արդեն չաշխատել, քանի որ Ախթալա քաղաքում բենզալցակայաններ և գազալցակայաններ գոյություն չունեն»:
Վարդումյանի տեղեկացմամբ, սուր է ջրի խնդիրը՝ կիրակի օրվանից Ախթալան ջուր չունի, խանութներում էլ այն սպառման եզրին է:
«Երեկ երեկոյան քաղաքում վերականգնվեց էլեկտրաէներգիայի մատակարարումը, վերականգնվել է նաև ինտերնետ կապը և հեռուստակապը, որոնք չկային: Այս պահին իսպառ բացակայում է ջրամատակարարումը, քանի որ Ախթալան սնուցող ջրագիծը անցնում էր Դեբեդ գետի վրայով, և ջրագիծը և նրա հենակամուրջը ջուրը քշել-տարել է», - «Ազատությանը» փոխանցեց Ախթալայի բնակիչը:
Սնունդ դեռ կա, ալյուրի խնդիր էլ բարեբախտաբար չկա. - «Ախթալա քաղաքում կար շատ մեծ ալրաղաց, ալյուրի, ցորենի արտադրամաս, որտեղ բավականին մեծ պաշարներ կան, և մարդիկ ալյուր են գնում և տան պայմաններում հաց թխում»:
Կիրակի համայնքում մի տղամարդ է մահացել, ինքնաշեն դագաղ են հարմարեցրել, բայց բաց է մնացել դիահերձման հարցը՝ հուղարկավորել են առանց դրա: «Բժիշկն արձանագրել է մահը, իսկ ոստիկանությունը նույնպես ներկայացրել է, ներկա է գտնվել, այդ պայմաններում հուղարկավորել ենք», - ասաց Սասուն Վարդումյանը:
Ախթալան ու չորս գյուղերն Ալավերդուն կապող մի լեռնային ճանապարհ կա այս պահին, որից փայտահատներն ու սարվորներն էին օգտվում: Այդ ճանապարհը՝ մոտ 5 կիլոմետրը, այժմ կարգի է բերվում: Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ մի քանի օրից անցանելի կլինի, կվերականգնվի կապը այս բնակավայրերի հետ: Այժմ այդտեղով կարող են անցնել միայն ՈՒԱԶ, «Ուրալ»-ներ, հենց ՈՒԱԶ-ով էլ Ախթալայից հղիության վերջին ժամկետում գտնվող կին է տեղափոխվել:
«Ամենագնաց ՈՒԱԶ-ով մեր բժիշկը հղի կնոջը տեղափոխել է Մադան, որտեղից Ալավերդու շտապօգնության մեքենան դիմավորել և հղի կնոջը տեղափոխել է Ալավերդու հիվանդանոց, որտեղ և ծնվել է մեր տղա երեխան՝ մեր քաղաքի», - փոխանցեց Ախթալայի բնակիչը:
Այս գյուղերից բացի, քաղաքից ջրով բաժանված է մնում նաև Սանահին կայարանի մի հատվածը: Փրկարարները ճոպանով դեղ ու մթերք են ուղարկում գետի այն ափին մնացածներին։ Նաև մարդիկ են տեղափոխվում: