Մատչելիության հղումներ

Կամավորների կարիք կա, օրական մինչև 300 աշխատող ձեռքի կարիք կա. Գնել Սանոսյան


Նախարար Գնել Սանոսյանը, արխիվ
Նախարար Գնել Սանոսյանը, արխիվ

Աղետի գոտում կամավորների աջակցության կարիք կա, «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երեկվանից արդեն զգացել ենք կամավորների աջակցության կարիքը: Որովհետև դրա առաջին օրը հնարավոր չէր մոտենալ, աշխատել, դրա համար կամավորներին չենք խնդրել միանալ աշխատանքներին, բայց երեկ, երբ գետի մակարդակն իջավ, հնարավոր եղավ», - նշեց նախարարը:

Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դրանց հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, բնակավայրեր են մեկուսացել։

Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ երեկ արդեն ներգրավել են մոտ 50 կամավոր, այսօր նախատեսվում է նրանց թվի ավելացում. - «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք»:

Նախարարը նաև ասաց՝ փորձում են տեղի կամավորական ուժերով՝ և՛ Կարմիր խաչի, և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (կամավորների ցանկ ունեն) աջակցությամբ աշխատել, ԿԳՄՍՆ-ին են խնդրել ուսանողների հետ կապ հաստատել:

«Կարծում եմ՝ ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք»,- «Ազատությանը» փոխանցեց նա։

Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։

Տեխնիկայի կարիք, նրա խոսքով, չկա, սակայն արտահագուստի կա։

«Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը:

Նախօրեին հայտարարվեց, որ կառավարությունն աղետի գոտի կհայտարարի Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են:

Սանոսյանն ասաց՝ երկու մարզպետարաններին 300 մլն դրամ է հատկացվել։

XS
SM
MD
LG