Մատչելիության հղումներ

Տարբեր մարզերից մարդիկ օգնության են հասնում հեղեղից տուժածներին. կամավորների կարիք կա


Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ մի-մի բահ առած օգնության են հասնում Լոռու ու Տավուշի մարզում հեղեղից տուժածներին:

Սեյրան Գալստյանն Արմավիրի մարզի Եղեգնուտից է հասել Ալավերդի: Մինչև համայնքապետարանից կուղղորդեն, թե ով որ հատվածում ինչով օգնի, Սեյրանին ու ընկերոջը մի կին խնդրեց՝ տիղմով լցված իրենց շքամուտքում բահով ոտքի տեղ բացել, որ կարողանան գոնե վերուվար անել։

Եթե աղետի առաջին օրերին Փրկարար ծառայությունն ու մյուս պետական մարմինները հայտարարում էին՝ անհրաժեշտ ամեն ինչ անում են, ուժերը բավարար են, այսօր արդեն նախարարներն են օգնության կոչով դիմում մարդկանց։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ազատության»-ն ասաց՝ օրական մինչև 300 կամավորի կարիք ունեն, առայժմ տեխնիկայի կարիք չկա, օգնող ձեռքեր են պետք։

«Երեկվանից արդեն զգացել ենք կամավորների աջակցության կարիքը։ Առաջին օրը հնարավոր չէր մոտենալ և աշխատել, դրա համար կամավորներին չենք խնդրել միանալ, բայց երեկվանից արդեն, երբ որ գետի մակարդակն իջավ, հնարավորություն եղավ, և երեկ արդեն մոտ 50 կամավոր ներգրավվել էին», - ասաց նա՝ շարունակելով, - «Քաղաքում շինարարական տեխնիկայի պակաս կարծես չունենք, բայց մի շարք հատվածներում միայն ձեռքի աշխատանք է հնարավոր անել։ Շենքերի ներսերում, մուտքերում, խանութներում, հատվածներ, որտեղ բավական հաստ շերտով ցեխաջուր կա, վնասված ապրանքներ կան, հիմնականում ձեռքի աշխատանքի արդյունքում է, որ պետք է դուրս բերվեն»։

Կրթության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում է կոչ արել ուսանողներին միանալ կամավորական աշխատանքներին։

Կառավարությունը երեկ Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր աղետի գոտի է ճանաչել և այս երկու մարզերին 300 մլն դրամ հատկացրել: Թեև նախարար Սանոսյանն ասում է, որ սնունդն ու մյուս կարիքներն այդ գումարով կհոգան, այդուհանդերձ համացանցում մարդիկ շարունակում են ինքնակազմակերպվել, օգնություն հավաքել ու տուժած բնակավայրեր հասցնել: Նման մի նախաձեռնության հեղինակ էլ Նվարդ Քոչարյանն է։

«Ալավերդիի քաղաքապետարան ենք ուղարկելու, որ իրենք բաշխեն ըստ անհրաժեշտության։ Բայց, հիմա էլ այս ամեն ինչը Վանաձոր ենք ուղարկում, Վանաձորի մեր գործընկերները կուղարկեն Ալավերդի։

Չոր սննդի {կարիք կա}, չփչացող սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ», - ասաց նա։

Լոռեցի Աննա Հովհաննիսյանը, որ իր ֆեյսբուքյան էջի շուրջ 14.5 հազար հետևորդների օգնությամբ հաճախ է մարդկանց օգնելու համար հանգանակություններ կազմակերպում, այս անգամ էլ է լծվել կամավորական գործին: 1.5 օրում արդեն շուրջ 1 միլիոն դրամի գումար են մարդիկ փոխանցել, ինքը գնումներ է արել, սեփական մեքենայով հասցրել դրանք փրկարարներին, որ գետի մի ափից ճոպանով մյուս ափը փոխանցեն:

«Ես իմ ընկերներով արդեն կարելի է ասել՝ մոտ 1 միլիոն դրամի օգնություն ենք արդեն տարել։ <> Մի քիչ խառն է վիճակը, և չկա հստակ կանոնակարգված քայլերի հերթականություն, ցուցակներ, թե ինչքան մարդ է կարիքի մեջ, հայավարի փորձում ենք մենք մեր, կներեք այս բառի համար, կանալներով ճշտել՝ ով ինչի կարիք ունի», - նշեց նա։

Ֆեյսբուքում մարդիկ շարունակում են օգնություններ հավաքագրել ու աջակցել ունեցածը կորցրած լոռեցիներին ու տավուշիցներին: Տարածքային կառավարման նախարարն օգնել ցանկացողներին խնդրում է Ալավերդիի համայնքապետարան կամ մարզպետարաններ դիմել, որ օգնությունը թիրախային լինի ու համակարգված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG