Մատչելիության հղումներ

Arca-ում խափանումները՝ դժգոհության առիթ. ըստ մասնագետի՝ սա պետք է հետաքննվի


Arca վճարային համակարգի խափանումների պատճառով այսօր ժամեր շարունակ առավոտից սահմանափակվել էին քարտով վճարումներն ու անհնար դարձել առցանց փոխանցումները։ Խանութներում, առևտրի կենտրոններում, սրճարաններում, բժշկական հաստատություններում ու այլ վայրերում քարտով վճարումներ չէին ընդունում, ինչը դժգոհության պատճառ էր դարձել։

«Շատ վատ է, տենց բան չպիտի լինի, չպիտի նենց զգացվի, որ ամեն ինչը, առևտուրը կանգնի, աշխատողները խուճապի մեջ ընկնեն», - ասաց քաղաքացիներից մեկը:

Նրանք բողոքում էին՝ տնից դուրս են եկել առանց կանխիկ դրամի ու փաստի առաջ են կանգնել՝ ոչ կարողացել են քարտից գումարը կանխիկացնել, ոչ էլ քարտով վճարումներ անել։

Ի՞նչն էր խափանման պատճառը. Arca վճարային համակարգից ժամեր շարունակ քաղաքացիներին որևէ պաշտոնական պարզաբանում չտրվեց, ընկերության հասանելի հեռախոսահարի ինքնապատասխանիչը հայտնում էր խափանման մասին առանց որևէ պարզաբանման, թե երբ կկարգավորվի խնդիրը, ու ինչի հետևանք է այն։

Միայն ժամեր անց վճարային համակարգից տեղեկացրին, թե առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca-ի բնականոն աշխատանքը, և 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է։

«Այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։ Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ», - ասված է ընկերության հայտարարության մեջ։

Չնայած Arca-ի հավաստիացումներին, քարտային վճարումներն առանձին դեպքերում խափանումներով են գործել են նաև կեսօրից հետո։ Մարդիկ նաև հասարակական տրանսպորտի համար ուղետոմս գնելիս են բախվել խնդիրների։ Ընդ որում՝ առանձին մի քանի բանկերի հաճախորդները վճարման խնդիր չեն ունեցել, քանի որ հենց իրենք են գործարքների մշակմամբ զբաղվում, այլ ոչ թե Arca--ն։

«CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը խնդրահարույց է համարում նման մասշտաբի խափանումները, շեշտում՝ դրանք տնտեսության վրա ահռելի ազդեցություն կարող են ունենալ, կազմակերպությունը պետք է անի հնարավորը՝ նման խափանումները բացառելու համար։

«Սկսած տրանսպորտային համակարգից, ամեն ինչ պռավալ էր գնացել, որովհետև ոլորտի այդպիսի ենթակառուցվածքային նշանակություն ունեցող օպերատորը փաստորեն պատշաճ չի արել իր գործողությունները և ընդամենը մի ներողությունով, ինձ թվում է, պիտի չպրծնեն, և սրա հետ կապված պիտի որոշակի խնդիրներ լինեն», - ասաց նա:

«Ի վերջո, պատկերացրեք, մի ամբողջ օր եթե քարտային համակարգերը չեն աշխատում, դա կարող է տնտեսությանը հսկայական վնասներ բերել։ Դա կարող է հսկայական վնասներ բերել ավտոբուսներին, Երևանի քաղաքային տրանսպորտին։ Դա կարող է հսկայական վնասներ բերել առևտուր անողներին», - հավելեց Պապյանը, նշելով նաև, որ սա խարխլում է մարդկանց վստահությունը էլեկտրոնային առևտրի նկատմամբ։

Սա բանկային վճարումները, փոխանցումները մշակող Arca-ում նման մասշտաբի առաջին խափանումը չէր, մարտին էլ էլ համակարգը խաթարվել, բայց դարձյալ հստակ պարզաբանումներ չէին ներկայացվել՝ ինչն է պատճառն, ու ընկերությունն ինչ է անում խնդիրը լուծելու համար: Ընդ որում, այս հարցերն «Ազատությունը» Arca-ին դեռ մարտին էր ուղարկել, սակայն կազմակերպությունից մինչ օրս չեն պատասխանել մեր հարցմանը։ Ընկերության ներկայացուցչի հորդորով այսօր ևս դիմել ենք գրավոր հարցմամբ, դեռ արձագանք չկա։

Պապյանն ասում է՝ նման խոշոր խափանումները պետք է հետաքննության առիթ դառնան ու հետևանքներ ունենան։ Մասնագետը վճարային համակարգը համեմատում է էլեկտրաէներգիայի մատակարարման հետ՝ շեշտելով՝ որ Arca-ն էլ ոչ պակաս ենթակառուցվածքային կարևորության հարց է. «Մենք տեսնում ենք, որ կոնկրետ այս դեպքում մի բան այնպես չէ, և արդեն տևականա ժամանակ հարցերը պետք է ուղղել Arca համակարգին: Համարում եմ, որ օրինակ՝ նաև Կենտրոնական բանկը, պետությունը դեր ունեն այստեղ, գնալ, ստուգել, քննել, հասկանալ՝ ինչու է այդպես, որովհետև սրանք պետության համար համակարգաստեղծ նշանակություն ունեն»:

Իշխանությունը վերջին տարիներին խրախուսում է անկախկիկ վճարումները, նշելով, թե այդպես ստվերի դեմ է պայքարում: Թե ինչ է անում պետությունը վճարային համակարգում նման խափանումներ թույլ չտալու համար, որ դրանք ժամանակ առ ժամանակ քաղաքացիների համար գլխավացավանք չդառնան, պարզ չէ։

Arca վճարային համակարգը հիմնադրել են Կենտրոնական բանկն ու տասը տեղական բանկեր, այդ թվում՝ խոշորագույն։ Կենտրոնական բանկն այսօր համակարգի խափանումներին չի անդրադարձել։

Օրվա ավարտին Arca-ից հայտնեցին, որ 17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է, և համակարգն անխափան աշխատում է։



XS
SM
MD
LG