Քարտային վճարումների համակարգը երեկ դարձյալ խափանվել էր, փաստի առաջ կանգնած քաղաքացիները ստիպված էին կանխիկ գումար գտնել իրենց գործարքները կատարելու համար: Խանութներում վճարել պարզապես չէր ստացվում, քաղաքացիները չեն կարողացել նաև բանկոմատներից փող հանել:
«Ինչպես տեսնում եք` կաթվածահար է արվում ամբողջ հանրապետության տնտեսական գործունեությունը։ Էդ անհարմարությունները մի կողմ, սա ազգային անվտանգության հարց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ֆինանսական և բանկային համակարգում ծրագրավորման երկարամյա փորձ ունեցող Արթուր Ղազարյանը։
Չնայած քաղաքացիներին ու բիզնեսներին պատճառած անհարմարություններին` քարտային վճարումները սպասարկող ArCa համակարգի ֆեյսբուքյան էջում խնդիրների մասին որևէ բառ չկա, խափանումների մասին չեն զգուշացրել: Քաղաքացիներն այլ աղբյուրներից միայն կարող էին ճշտել, թե ինչու քարտով գործարք անել չի ստացվում:
Կանխիկի շրջանառությունից անկանխիկի անցումը նպատակ հռչակած երկրում այս իրավիճակը նորություն չէ: ArCa համակարգի խափանումներին շատ քարտապաններ արդեն սովոր են: Խնդիրները նաև սոցցանցերում են ակտիվորեն քննարկում.
«Միայն Հայաստանում կարող են հորդորել, որ գնումները պետք է անել քարտերով, գնաս քարտով առևտուր անելու` տարբեր խանութներ ասեն առավոտվանից խնդիր է, գնաս բանկոմատից գումար կանխիկացնելու` ոչ մի բանկոմատ չաշխատի... »:
ArСa-ն որպես ազգային վճարային համակարգ է ներկայացում: Հիմնադրվել է 25 տարի առաջ Կենտրոնական բանկի ու 10 առևտրային բանկերի կողմից։ Այժմ բացի Կենտրոնական բանկից ArCa-ում բաժնետեր են 15 առևտրային բանկեր: Համակարգն այժմ արդեն ավելի քան 3 միլիոն քարտապան ունի, ArCa-ից օգտվում է ավելի քան 100 հազար տնտեսվարող, իսկ տարեկան գործարքների ծավալը գերազանցում է 10 միլիարդ դոլարը:
«Իր մեջ կապում է, փաստորեն, բոլոր POS տերմինալները, բանկոմատները, օնլայն վճարումները։ Բազմաթիվ հերթեր, բազմաթիվ դժգոհություններ, չկայացած գործարքներ», - նշեց Արթուր Ղազարյանը։
Ո՞րն է խափանումների պատճառը, ընկերությունը մինչ այս պահը չի պարզաբանել. ArCa-ից «Ազատությանն» ասացին՝ հարցերը գրավոր ուղարկել, ինչը և արել ենք: «Ազատություն»-ը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ են քարտային վճարումների համակարգում այսպիսի խնդիրները պարբերաբար կրկնվում: Հնարավոր չէ՞ խուսափել նման խափանումներից , տեխնիկական հագեցվածության կամ ծրագրային ապոհովման խնդի՞ր կա: Այժմ սպասում ենք պատասխանին:
Ղազարյանի կարծիքով՝ նման խնդիրներ կարող են լինել մի քանի պատճառներով. - «Հիմնականում այդպիսի խափանումներ լինում են, երբ որ նոր տարբերակներ են տեղադրվում համակարգի, կապի խափանումներ կարող են լինել, բայց ամբողջ հանրապետության մասշտաբով երեկ ինտերնետ կապը նորմալ էր, այսինքն՝ կապի խնդիր չէր եղել: Երրորդը կարող է լինել մարդկային գործոններ․ ես շփվում եմ մասնագետների հետ, կադրերի հետ, որոնք որ հեռացել են ArCa պրոցեսինգային կենտրոնից, նախկին աշխատակիցներ, ես չէի ասի, որ բարեհաջող վիճակում է հիմա ArCa պրոցեսինգը կադրային տեսանկյունից»։
Փորձագետը Կառավարությանն առաջարկում է անկախ մասնագետների խումբ ստեղծել ու ստուգել ամբողջ համակարգը. - «Arca համակարգի շատ լուրջ տեխնիկական աուդիտ անցկացվի, հասկանալ՝ էդ պրոբլեմները ինչից է գալիս ու ոնց կարող ենք մենք սրա տակից դուրս գալ: Ես Կառավարությանը կհորդորեմ շատ լուրջ վերաբերվեն այս հարցին»։
Ղազարյանի կարծիքով՝ անելիք ունեն նաև առևտրային բանկերը։ Դժգոհ հաճախորդներն առաջին հերթին իրենց բանկերին են դիմում.
- «Այդ զանգերը բոլորը ուղղորդվում են բանկ, բանկեր, ու նաև բանկերը պետք է հետամուտ լինեն, որպեսզի էդ համակարգն ուղղվի, սխալները շտկվեն։ Բայց ես չեմ տեսնում, որ բանկերը դա անում են»։
ArCa համակարգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, մեկնաբանության համար «Ազատություն»-ը նաև գլխավոր դրամատուն դիմեց, բայց հորդորեցին ընկերություն դիմել: