Մատչելիության հղումներ

Ապօրինի ներգաղթյալների մեծ վտարումն ԱՄՆ-ից շարունակվում է


Միգրանտներն անցնում են Իդալգոյի միջազգային սահմանային կամրջով՝ արտաքսվելով Միացյալ Նահանգներից, Տեխաս, ԱՄՆ, 27-ը հունվարի, 2025թ.
Միգրանտներն անցնում են Իդալգոյի միջազգային սահմանային կամրջով՝ արտաքսվելով Միացյալ Նահանգներից, Տեխաս, ԱՄՆ, 27-ը հունվարի, 2025թ.

Ծանր շղթաներով ու էլ ավելի ծանր սրտով են Ամերիկա ներգաղթած մարդիկ հետ՝ տուն գնում։ Սպիտակ տան տարածած վերջին տեսանյութում արտաքսվող ապօրինի միգրանտները ստիպված են շղթայակապ օդանավ բարձրանալ՝ վերջնականապես թաղելով «ամերիկյան երազանքը»։

Ապօրինի ներգաղթյալների դեմ նախագահ Թրամփի հռչակած պայքարը արդեն հասել է նաև Ուկրաինայի քաղաքացիներին։ CBS News-ի փոխանցմամբ՝ սառեցվել է 240 հազար ուկրաինացիների համար նախատեսված ծրագիրը, որով ռուսական ներխուժումից հետո Նահանգներ հասած ուկրաինացիները ապաստան էին ստանում և կարող էին երկրում օրինական հաստատվելու գործընթաց սկսել։ Ծրագիրը սառեցվել է անորոշ ժամանակով՝ խարդախության կասկածների հիմքով։

Բայց շատ որոշակի է հնդիկ միգրանտների ճակատագիրը՝ նրանց Ամերիկայից հարյուրներով են վտարում։ Նրանցից Հարջիթ Սինխն այս կիրակի է հայրենի Փենջաբ նահանգ հասել, Նահանգներում վերջին օրերին մոր ուղարկած փողով էր ապրում։

Հարյուրավոր ապօրինի ներգաղթյալների ամերիկյան միգրացիոն ծառայություններն ուղարկել են Պանամա՝ չինացիներ, թուրքեր, ուզբեկներ, իրանցիներ՝ 360 հոգի։ Հիմա նրանք հյուրանոցում են, բայց պիտի տեղափոխվեն ապաստարան, որը Դարիենի ջունգլիներում է։

Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոն հույս ունի, որ իր երկիր արտաքսվածների մեծ մասն իրենց իսկ կամքով կցանկանա հայրենիք վերադառնալ։

Բոլորովին այդպիսի ցանկություն չունեն դեռ ամիսներ առաջ Ամերիկա գնալու ցանկությամբ Մեքսիկա հասածները։ Թրամփի պաշտոնավարումից օրեր անց այս սահմանը փակվեց։ Կուբացի Խուլիո Վարգասը, օրինակ, Տապաչուլայի փողոցներն է մաքրում՝ բախտակիցների հետ. «Կցանկանայի այստեղ մնալ առայժմ, եթե ապագայում Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխվի, վերջապես կարողանամ գնալ այնտեղ՝ ընտանիքիս համար լավ կյանքի հույսով»։

Եվ այնուամենայնիվ, կան ավելի վատ վիճակում գտնվողներ՝ այն ապօրինի միգրանտները, որ իրավախախտում են արել։ Թրամփի խոստացած 30 հազար տեղը Գուանտանամոյի ամերիկյան բազայում պատրաստ է. օրեր առաջ առաջին ինքնաթիռը ապօրինի միգրանտների առաջին խմբին տեղափոխել է բազա։

Պենտագոնի հսկողության տակ ռեժիմային այս տարածքում, Միացյալ Նահանգների նախագահի բառապաշարով, հայտնվում են «վատ մարդիկ», շրջապատի համար վտանգ ներկայացնող կրիմինալները։

Երեկ նախագահ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Գուանտանամոյից դուրս կգան ու իրենց երկրներ կվտարվեն միայն նրանք, որոնց հանցագործություն անելու ռիսկը մեծ չէ։

Ապօրինի ներգաղթյալների մեծ վտարումը շարունակվում է, ապօրինի ներգաղթի գլխավոր ուղին՝ Մեքսիկայի հետ սահմանը, 1600 զինվորական է հսկում։

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Ապօրինի ներգաղթյալների մեծ վտարումն ԱՄՆ-ից շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00
Ուղիղ հղում

XS
SM
MD
LG