Թրամփն արդեն տուն է ուղարկում ապօրինի ներգաղթյալներին։ Նրա խոսնակ Քերըլայն Լևիթը հայտնում է՝ հարյուրավոր միգրանտներ երեկ երեկոյան ռազմական օդանավերով արտաքսվել են, 538 անօրինականներ էլ՝ ձերբակալվել։ Պատմության ամենամեծ արտաքսումը սկսված է։ Նորընտիր նախագահը խոստացել ու սկսել էր պաշտոնավարման առաջին իսկ րոպեներից:
Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն է․ ապօրինի միգրանտների համար հիմա վատ է թե՛ նահանգների ներսում ու թե՛ երկրի մուտքի մոտ:
Վենեսուելացի Արտուրո Պերեսը Նահանգներ մտնելու երազանքնով չարչարվում է Մեքսիկայի սահմանին․ աղաչում Միացյալ Նահանգների կառավարությանը ներս թողնել իրեն ու գործի դնել. - «կառավարությանը կոչ եմ անում՝ ձեռքներդ դրեք ձեր սրտին, հասկացեք, թե ինչքան զոհողություններ ենք կրել այստեղ հասնելով։ Համագործակցեք մեզ հետ, գործ տվեք մեզ, անկեղծ ենք խնդրում»:
Դեմ չեն նույնիսկ Մեքսիկայում մնալ, վատ երկիր չէ, ասում է նա, բայց գործ չկա։
Գաբրիելան երեկու ընկերուհիների հետ է սպասում, հույսը դեռ չի կտրել. - «Այս պահին օրինական ճանապարհ չունենք, բայց մեզնից ոչ ոք անհույս չէ, մտածում ենք օրինական մեխանիզմներ կգտնվեն, որ մտնենք, սպասում ենք գուցե նոր հայտարարություն լինի»։
Ամերիկա շտապողների համար հաճելի հայտարարություններ դեռ չկան. համատարած խստացումներ են, միգրանտների համար նախատեսված մի շարք կացարաններ են փակվել։ Սահմանին՝ մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքում Ամերիկայից արդեն արտաքսված անտրամադիր մարդիկ են:
Սահմանին ակցիա է, հրեշտակի հագուստով մարդիկ պաստառներ են պահում՝ «հրատապ է, ներգաղթյալները վտանգի մեջ են», ու նմանատիպ այլ գրառումներով։ Արտաքսվածները պատմում են՝ այնտեղ ուժեղացված հսկողություն է, ապօրինի ներգաղթյալների են փնտրում ամենուր՝ Չիկագո, Նյու Յորք, Կալիֆորնիա։
Նախագահ Թրամփը մինչև ընտրվելն էլ բազմիցս խոսել է, որ ապօրինի ներգաղթյալները անվտանգային խնդիրներ են ստեղծում, հանցագործներ են։ Միգրացիոն ճգնաժամը դարձել էր նախընտրական պայքարի առանցքային թեմաներից և Թրամփն ընտրվելուց հետո առաջին հրամանագրերը հենց այս ուղղությամբ էին․ ևս մեկը՝ Միացյալ Նահանգներում ծնված երեխաների՝ քաղաքացի դառնալու իրավունքը չեղարկելու մասին էր։ Ըստ Դոնալդ Թրամփի հրամանի՝ Նահանգներում ծնված երեխան չի ստանա քաղաքացիություն, եթե նրա ո՛չ մայրը, ո՛չ հայրը այդ երկրի օրինական քաղաքացիներ չեն։ Այս մի որոշումը, սակայն, խոչընդոտների է հանդիպում դաշնային դատարաններում արդեն երկու տասնյակից ավելի հայցեր կան, դատախազները հիմնավորում են՝ այդ իրավունքը Սահմանադրությամբ է նախատեսված:
Սիեթլի դատարանն արդեն իսկ արգելափակել է Թրամփի հրամանը, որ պիտի ուժի մեջ մտնի փետրվարի 19-ից։ Ծնունդով պայմանավորված քաղաքացիության իրավունքը ԱՄՆ-ի Սահմանադրությամբ ամրագրվել է 157 տարի՝ այդ երկրում ապօրինի միգրանտների երեխաները այդ դրույթի ուժով են դարձել օրինական քաղաքացիներ։