Ամերիկյան երազանքի հետևից Մեքսիկայի սահման հասածները մերժման նամակներ են ստանում՝ սառը ցնցուղի էֆեկտով․ հոնդուրասցի Դենիան սպասում էր՝ միգրացիոն ծառայության CBP One հավելվածով պիտի ապաստանի դիմումի հանդիպումը նշանակվեր, բայց վրա հասավ նոր նախագահի ապօրինի ներգաղթյալների համար սահմանած խստացումը:
«Շատերս երկար ենք սպասել ու կարծում եմ սխալ էր, որ նրանք չեղյալ համարեցին նշանակված հանդիպումը։ Այստեղ շատերն իսկապես ապաստանի կարիք ունեն։ Մենք մեր երկրներում դժվարությունների ենք հանդիպում», - նշեց Դենիա Ալվարադեն
«Երեխաներիս համար լավ ապագա եմ ուզում, որ սովորել կարողանան», - ասում է հոնդուրասցի կինը և նրա նման միլիոնավորներ, որ անորոշության մեջ հայտնվեցին Թրամփի պաշտոնն ստանձնելուց րոպեներ անց:
Նահանգների նորընտիր նախագահը երդվելուց հետո բոլորովին ժամանակ չկորցրեց ու անցավ գործի՝ «Ռոյթերս»-ի տեղեկացմամբ՝ արդեն իսկ զինված ուժեր են ուղարկվել երկրի հարավային սահման, ապօրինի մուտքերն արգելելու համար, փախստականների վերաբնակեցման ծրագիրն արդեն սառեցվել է։
Թրամփը մեծ արտաքսում էր խոստացել, Թրամփն սկսել է, նրա մեկ այլ հրամանագիր, փորձագետների կանխատեսմամբ, կարող է տարիներով վիճարկվել դատարաններում
Այս մի հրամանագրով էլ ԱՄՆ նախագահը վերացնում է Նահանգներում ծնվող երեխայի այդ երկրի քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Նա ավելի վաղ այս իրավունքն անհեթեթ էր համարել։ Ասել է՝ անօրինական ներգաղթյալների երեխաները ոչ թե պիտի քաղաքացիություն ստանան, այլ ծնողների հետ արտաքսվեն։ Այս հրամանագիրը 30 օրից է ուժի մեջ մտնելու, բայց արդեն իսկ դատական հայցեր կան՝ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունն ու ավելի քան 20 նահանգների կոալիցիան հայց են ներկայացրել դաշնային շրջանային դատարաններ այն հիմնավորմամբ, որ ծննդյան քաղաքացիությունը սահմանադրական իրավունք է և այն կարող է վերացվել միայն սահմանադրական լրացմամբ:
«Սա սահմանադրական իրավունք է, և նախագահը չի կարող մի գրչով չեղարկել այն։ Սա կարևոր է, այդ իրավունքը գործում է անկախ նրանից, թե ինչ եք լսել Դոնալդ Թրամփից», - նշել է իրավապաշտպան Մայա Ուիլին:
Իրավապաշտպանը շեշտում է՝ նահանգներում ծնվող երեխային տրվող քաղաքացիության իրավունքը, անկախ նրանից թե ծնողներն ինչ կարգավիճակ ունեն, հիմնարար իրավունք է, սկզբունքային տեղի համայնքների համար։ Ամերիկացիներից շատերն էլ «Ռոյթերս»-ի տեսախցիկի առջև առանձնապես ոգևորված չեն:
Նյու Յորքցի Մարկուս Ուիլյամսի նախնիները ստրկության մեջ են եղել, ասում է՝ սահմանադրական այդ նորմն է նրանց իրավունքներ տվել։
Կան նաև ամերիկացիներ, որ ողջունում են Թրամփի որոշումը, քանի որ վստահ են, շատերն են նահանգներ շտապում այդտեղ ծննդաբերելու ու քաղաքացիության հարցը լուծելու համար։ Լավ է՝ ասում են այդ փողերն ուղղել արդեն քաղաքացիություն ունեցող մարդկանց կարիքները հոգալուն։
Միացյալ Նահանգների հետազոտական կենտրոններից մեկում ուսումնասիրել են՝ նահանգներում 1,2 միլիոն մարդ է ապրում այժմ, որոնց ծնողներն անօրինական ներգաղթյալներ են եղել։
Եվ իզուր էր Վաշինգտոնի տաճարում եպիսկոպոս Մարիան Բադդեն Աստծո անունից խնդրանք հղում աշխատանքային առաջին օրը տիկնոջ հետ տաճար մտած Դոնալդ Թրամփին․ եպիսկոպոսի հորդորը՝ գթասիրտ լինել վախեցած մարդկանց հանդեպ, պաշտպանել ներգաղթյալներին ու հարգել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ անակնկալի բերեցին նախագահական ընտանիքին:
Նախագահ Թրամփն ավելի ուշ արձագանքել է եպիսկոպոս Բադդեի հորդորին, ասել է, ձանձրալի էր, չտպավորեց։