Միացյալ Նահանգները 30 օրով կասեցնում է Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ հայտարարած 25 տոկոս մաքսատուրքը: Այս մասին երկու երկրների ղեկավարները հայտարարել են փետրվարի 3-ին Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներից հետո: Ե՛վ Օտտավան, և՛ Մեխիկոն խոստացել են ուժեղացնել սահմանային միջոցառումները, որպեսզի կանխեն ներգաղթյալների կողմից սահմանի ապօրինի հատումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն X-ում գրել է, որ իր երկիրը մոտ 10 հազար զինծառայող կուղարկի սահմանի անվտանգությունն ապահովելու և փողերի լվացման դեմ պայքարի համար:
«Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Թրամփի հետ: Կանադան իրականացնում է 1.3 միլիարդ դոլար արժողությամբ սահմանային ծրագիրը՝ ամրապնդելով սահմանը նոր ուղղաթիռներով, տեխնոլոգիաներով և անձնակազմով … Նաև ստորագրել եմ կազմակերպված հանցավորության և ֆենտանիլի վերաբերյալ նոր հրամանագիր, և մենք դրա համար 200 միլիոն դոլար կհատկացնենք», - փոխանցել է Թրյուդոն:
Մեքսիկայի նախագահը նույնպես համաձայնել է 10 հազար զինծառայող ուղարկել սահման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար: Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ տեղակայումը կսկսվի անմիջապես, և հավելել, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է աշխատել Մեքսիկայում զենքի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու ուղղությամբ:
«Վստահ եմ, որ այս ամսվա ընթացքում կկարողանանք լավ արդյունքներ ապահովել ամերիկացի և մեքսիկացի ժողովրդի համար … Մենք միշտ աշխատում ենք՝ հարգելով և պաշտպանելով մարդու իրավունքները։ Մենք խոսեցինք Մեքսիկայից Միացյալ Նահանգներ ֆենտանիլի թրաֆիքինգը նվազեցնելու մեր ընդհանուր շահերի մասին … Ես նաև բացատրեցի նրան, որ ԱՄՆ-ից Մեքսիկա մուտք գործող մեծ հզորության զենքի քանակը լուրջ խնդիր է», - ասել է Շեյնբաումը:
Թրամփն, իր հերթին, իր հիմնադրած Truth Social սոցկայքում գրել է, որ կոնկրետ Կանադայի հետ սահմանի անվտանգության ուժեղացումը հնարավորություն կտա վերջ տալ ֆենտանիլի պես թմրամիջոցների շրջանառությանը, որը հազարավոր ամերիկացիների է սպանում՝ քայքայելով նրանց ընտանիքներն ու համայնքները ամբողջ երկրում:
«Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է ապահովել բոլոր ամերիկացիների անվտանգությունը, և ես հենց դա եմ անում: Շատ գոհ եմ այս նախնական արդյունքից, և շաբաթ օրը հայտարարված մաքսատուրքերը կդադարեցվեն 30 օր ժամկետով, որպեսզի տեսնենք՝ արդյոք վերջնական տնտեսական գործարքը Կանադայի հետ կարող է իրականություն դառնալ, թե՞ ոչ: Արդարություն բոլորի համար», - գրել է ԱՄՆ նախագահը:
Միացյալ Նահանգները 10 տոկոս մաքսատուրք էր սահմանել նաև Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների համար, որն ուժի մեջ է մտել այսօր: Եվ հիմա Չինաստանը դրան հակադարձել է պատասխան մաքսատուրքերով՝ հայտարարելով, որ 15 տոկոս մաքսատուրք է սահմանում Միացյալ Նահանգներից ներկրվող ածխի և հեղուկ բնական գազի համար, ինչպես նաև 10 տոկոս՝ հում նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների և որոշ սպորտային մեքենաների համար։
Բացի այդ՝ Չինաստանը նաև իր համար «ոչ վստահելի կազմակերպությունների» ցուցակում ներառել է ամերիկյան PVH ընկերությունը, որին են պատկանում Calvin Klein և Tommy Hilfiger ապրանքանիշերը:
Չինաստանը մաքսատուրք է սահմանել նաև վոլֆրամի համար, որը դժվար է արդյունահանել, և որը կարևոր նյութ է օդատիեզերական արդյունաբերության համար: Ցանկում են նաև թելուրը, որը լայնորեն օգտագործվում է արևային մարտկոցների համար, և մոլիբդենը, որը կենսական նշանակություն ունի ինքնաթիռների արտադրության ոլորտում։ Պեկինը պնդում է, որ սահմանափակումները հնարավորություն կտան պաշտպանել իր «ազգային անվտանգության շահերը», և տեղյակ է, որ շատ դժվար է փոխարինող գտնել այս նյութերին:
Մաքսատուրքերի սահմանումը, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ին, նշանակում է, որ ներկրող ընկերությունների համար հավելյալ ծախսեր են գոյանում, և այդ բեռը, որպես կանոն, մնում է սպառողների վրա, քանզի այդ ապրանքները վաճառվում են արդեն ավելի բարձր գնով: