Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ հայտարարված ԱՄՆ մաքսատուրքերը կկասեցվեն 30 օրով: Այս մասին հայտարարել են երկու երկրների ղեկավարները փետրվարի 3-ին Թրամփի հետ հեռախոսազրույցներից հետո, որոնց ընթացքում նրանք խոստացել են ուժեղացնել սահմանային միջոցառումները՝ ներգաղթյալների կողմից սահմանի հատումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու նպատակով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան մոտ 10 հազար սպա կուղարկի սահմանի անվտանգությունն ապահովելու, փողերի լվացման դեմ պայքարի համար:
«Ես նաև ստորագրել եմ կազմակերպված հանցավորության և ֆենտանիլի վերաբերյալ հետախուզության նոր հրահանգ, և մենք դրա համար կհատկացնենք 200 միլիոն դոլար», - ասել է նա:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նույնպես համաձայնել է իր երկրի ազգային գվարդիայի 10 հազար զինծառայողներ ուղարկել սահման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար:
Շեյնբաումը հայտարարել է, որ տեղակայումը կսկսվի անմիջապես: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է աշխատել Մեքսիկայում զենքի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու ուղղությամբ:
Դոնալդ Թրամփը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի նկատմամբ նոր կոշտ մաքսատուրքեր էր սահմանել փետրվարի 1-ին: Նա ասել էր, որ դրանք կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ միգրանտների և անօրինական ֆենտանիլի հոսքը Միացյալ Նահանգներ չի դադարեցվել:
Չինական ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը սկսվելու է փետրվարի 4-ին։
Բոլոր երեք երկրները, որոնց ուղղված էր նախնական հայտարարությունը, սպառնացել են պատասխան միջոցներով, ինչպես նաև կոչ են արել առևտրային բանակցություններ վարել սակագներ սահմանելու փոխարեն:
Տե՛ս նաև այստեղ