Միացյալ Նահանգները հուսով է, որ կկարողանա հասնել նրան, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի բանակցային ճանապարհով, և Կիևին մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ տրամադրելու մասին մտածելու կարիք չի լինի։ Այս մասին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն ասաց, որ Tomahawk-ները շատ հզոր վտանգավոր զինատեսակ են, և ԱՄՆ-ն ինքը դրա կարիքն ունի ու չէր ցանկանա այլոց տրամադրել մի բան, որոնք անհրաժեշտ են սեփական երկրի պաշտպանության համար։
«Մենք այդ հրթիռների կարիքն ունենք, ինչպես նաև շատ այլ զինատեսակների, որոնք ուղարկում ենք Ուկրաինա։ Մեզ համար այդքան էլ հեշտ չէ։ Հուսամ՝ կկարողանանք պատերազմը ավարտել առանց Tomahawk հրթիռների մասին մտածելու։ Մենք բավականին մոտ ենք դրան»,- ասաց ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այս հրթիռների մասին ևս կխոսեն բանակցությունների ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև կարծիք հայտնեց, թե Ռուսաստանի նախագահը ևս ցանկանում է դադարեցնել պատերազմը։ «Կարծում եմ՝ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը ․․․ Նախագահ Զելենսկին էլ է ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Մնում է իրականացնենք դա»,- ասաց Թրամփը, որը հանդիպման ընթացքում մի քանի անգամ վստահություն հայտնեց, որ կկարողանան դադարեցնել պատերազմը, թեև արդեն մի քանի ամիս դա չի հաջողվում։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպման վայր ընտրվել Հունգարիան։ Դոնալդ Թրամփը պատասխանեց, որ Հունգարիան անվտանգ երկիր է։
Իսկ հնարավո՞ր է, որ հանդիպմանը մասնակցի նաև Ուկրաինայի նախագահը։ Թրամփը պատասխանեց, որ հանդիպումը կլինի երկկողմ՝ ինքը և Պուտինը, սակայն ինքը կապի մեջ կլինի Զելենսկիի հետ։
Լրագրողները Թրամփին հիշեցրին, որ ավելի վաղ ասել է, թե որ Ուկրաինան կարող է հետ վերցնել այն տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել է պատերազմի ընթացքում։ ԱՄՆ նախագահը պատասխանեց, թե պատերազմն անկանխատեսելի բան է։ «Երբեք չգիտես՝ ինչ կլինի»,- ասաց նա։
Սպիտակ տան ղեկավարը նաև ասաց, որ Հնդկաստանն այլևս չի գնի ռուսական նավթը և դրանով չի նպաստի Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելուն, ապա հավելեց, թե Հունգարիայի դեպքում, որը գնում է ռուսական էներգակիրներ, իրավիճակն այլ է՝ այն ելք չունի դեպի ծով, և ԱՄՆ-ն հասկանում է նրանց։
Ուկրաինայի նախագահն իր հերթին ասաց, որ ուկրաինացիների համար, որոնք ամեն օր կրակի տակ են, ամենակարևոր բանը անվտանգության ուժեղ երաշխիքներ ունենալն է։
Լրագրողները հարցրին, թե ինչ զիջումներ է պատրաստ անել Ռուսաստանին։ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց, որ նախ՝ պետք է նստեն ու խոսեն Ռուսաստանի հետ, ինչից հետո պետք է հրադադար հաստատվի։
«Մենք ցանկանում ենք խաղաղություն։ Պուտինը չի ցանկանում։ Այդ պատճառով էլ պետք է ճնշում գործադրվի նրա վրա։ Այսօր նախագահ Թրամփի հետ կխոսենք, թե ինչ է պետք անել։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որպեսզի Պուտինին ստիպենք, որ նստի բանակցությունների։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցությունների՝ երկկողմ, եռակողմ։ Միայն թե խաղաղություն հաստատվի», - ասաց նա։
Խոսելով սպառազինությունների և Tomahawk հրթիռների մասին՝ Զելենսկին ասաց, որ այսօրվա պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ է, միայն Tomahawk-ներով չես պատերազմի, անհրաժեշտ են նաև այլ զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչուներ։
«Ուկրաինան չունի Tomahawk հրթիռներ, դրա համար ենք խնդրում։ Իսկ ԱՄՆ-ն ունի Tomahawk և այլ հզոր հրթիռներ։ Մենք կարող ենք փոխանակել։ Մենք էլ ԱՄՆ-ին կարող ենք տրամադրել ուկրաինական արտադրության հազարավոր անօդաչուներ»,- ասաց նա։
Արդյոք ԱՄՆ-ն հետաքրքրվա՞ծ է ուկրաինական անօդաչուներով։ «Այո, մենք հետաքրքրված ենք։ Մենք մեր անօդաչուներն ենք կառուցում, բայց նաև գնում ենք այլ երկրներից։ Նրանք շատ լավ անօդաչուներ են ստեղծում», - նշեց Դոնալդ Թրամփը։
Լրագրողները նաև Զելենսկիից հետաքրքրվեցին, թե ինչ տարբերություն կա Սպիտակ տանն այս ու նախորդ հանդիպումների միջև։ Ուկրաինայի նախագահը պատասխանեց, որ հիմա կարևոր երկխոսություն է ծավալվում, և սկսել են հասկանալ միմյանց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ավելի մանրամասն է տեղեկացվել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ «Դա շատ է օգնում», - ասաց նա։
Հանդիպման բաց հատվածի ամենասկզբում Զելենսկին Թրամփին շնորհակալություն հայտնեց Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարի համար՝ հավելելով, որ դա կարևոր է խթան դառնալ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու առումով։
«Պուտինը պատրաստ չէ խաղաղության։ Սակայն վստահ եմ, որ Ձեր օգնությամբ կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Ռուսաստանը հաջողություններ չունի ռազմադաշտում, նրանց բանակը թույլ է հիմա և մեծ կորուստներ ունի՝ և՛ մարդկային ուժի, և՛ տնտեսության առումով»,- հավելեց նա։
Ի պատասխան Թրամփը հաճոյախոսեց Զելենսկիին՝ ասելով, որ շատ գեղեցիկ տեսք ունի սև բաճկոնով։
«Հուսով եմ մարդիկ կնկատեն դա։ Իրականում շատ ոճային է»,- ասաց նա Զելենսկիին, ում այս տարվա սկզբին կշտամբել էին ոչ պաշտոնական հանդերձանքով Սպիտակ տուն գալու համար։