ԱՄՆ-ՌԴ առաջնորդների միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Թրամփին ասել է, որ Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը կվնասի խաղաղության գործընթացին, ինչպես նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին: Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Բարձրացվել է Ուկրաինային հեռահար Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ Վլադիմիր Պուտինը վերահաստատեց իր պնդումը, որ «Tomahawk-երը մարտադաշտում իրավիճակը չեն փոխի, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին, չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարներին», - ասել է Ուշակովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդին «դուր չի եկել», երբ նա իրենց հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է Ուկրաինային 1600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը։
Թրամփը, սակայն, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից մեկ օր առաջ, կարծես, կասկածի տակ է դրել, թե արդյոք Կիևն իրականում կստանա այն ամերիկյան արտադրության զենքը, որը ցանկանում է, ասելով՝ Միացյալ Նահանգները չի կարող «սպառել» իր սեփական պաշարները. «Մեզ նույնպես դրանք պետք են, ուստի չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը: