Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն չեղարկել է մի շարք ծրագրերի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել է, որ չեղարկվում են ընդհանուր առմամբ 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ:

«Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի համար հատկացվում էր 2 միլիոն դոլար՝ ըստ հրապարակման:

Այս և այլ երկրներում դադարեցված մի շարք ծրագրեր որակվել են անօգուտ: Դադարեցվել են նախագծեր Միացյալ Թագավորությունում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելառուսում և այլուր:

Թրամփի վարչակազմը պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին ավելի վաղ կրճատել է Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցի՝ USAID-ի ծրագրերի 83 տոկոսը։

USAID-ի դեմ արշավը գլխավորում էր Իլոն Մասկը՝ պետական ծախսերի կրճատման գործընթացում Թրամփի ներկայացուցիչը: Նա պնդում էր, որ վարչակազմը կարող է կրճատել 1 տրիլիոն դոլար ԱՄՆ դեֆիցիտը և իր այդ նախաձեռնությունը ներկայացնում որպես կոռուպցիայի դեմ պայքար:

Մարտի 19-ին ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարելUSAID-ի փակումը։


XS
SM
MD
LG