Ամերիկյան աջակցության ծրագրերի մեծ մասի դադարեցման ֆոնին հայաստանյան քաղհասարակությունը՝ հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, ստիպված են ծախսերի էական նվազեցումների գնալ, անգամ կրճատել աշխատակիցների թիվը։
Ամենատարբեր թեմաներով ասուլիսներ, քննարկումներ կազմակերպող, ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրեր իրականացնող Հանրային լրագրության ակումբն օվկիանոսից այն կողմ ընդունված որոշումների ազդեցությունն իր մաշկի վրա է զգում։ Ակումբի նախագահ Սեդա Մուրադյանի խոսքով՝ իրենց բյուջեի 65 տոկոսը ԱՄՆ պետական աջակցության ծրագրերով էր ձևավորվում։
«Եթե մինչև այդ ունեցել ենք 6 լրիվ դրույքով աշխատակիցներ, ապա մարտից լինելու են 4-ը», - ասաց նա, շարունակելով, - «65 տոկոսը շատ լուրջ լուրջ ծավալ է, և բնականաբար մեր գործունեության ծավալի վրա շատ ուղղակի և բացասական ազդեցություն են ունեցել այս զարգացումները»։
ԱՄՆ պետդեպարտամենտը նախօրեին տեղեկացրեց՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորումը կրճատվում է 92 տոկոսով։ Աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող ծրագրերի համար տրամադրված 6200 դրամաշնորհների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 5800-ը, 54 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով կկասեցվեն։
Մարդասիրական օժանդակության ծավալներով աշխարհի խոշորագույն դոնոր երկիրը նախագահ Թրամփի հրամանագրով հունվարին էր 90 օրով սառեցրել ԱՄՆ արտաքին օժանդակության ծրագրերը, և անցումային այս շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հազարավոր կազմակերպություններ սպասում էին նոր վարչակազմի որոշումներին։
«Մենք սպասում էինք որոշման, որ 3 ամսվա ընթացքում հնարավոր է որոշ ծրագրեր վերաբացվեն կամ ապասառեցվեն, և երեկ ստացանք պաշտոնապես տեղեկություն, որ մեր այն ծրագիրը, որով նախատեսվում էր ապատեղեկատվության և հիբրիդային վտանգների թեմայով եռօրյա մեծ հայ-ամերիկյան կոնֆերանս կազմակերպել, կասեցվում է», - «Ազատությանն» ասաց արդեն 24 տարի գործող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Կենտրոնի ընթացիկ բոլոր ծրագրերն էին ֆինանսավորվում USAID-ից։ Այս ամիս աշխատակիցներին հարկադիր պարապուրդի էին ուղարկել։ Շուշան Դոյդայանն ասաց՝ այսօր ստիպված էր աշխատակիցներին դիմել. «Նամակներ եմ գրել աշխատակիցներին՝ հաղորդելով նրանց, որ դեռևս բացակայում են լավ լուրերը, դրական փոփոխությունները, և ստիպված արդեն իրենց ենք տալիս ընտրություն՝ կամ աշխատանքից ազատվել, կամ ուղղակի առանց վճարվելու շարունակել մնալ անձնակազմում, մինչև կկարողանանք իրավիճակը շտկել»։
Լրագրողական կազմակերպությունը ստիպված է նաև իրենց 18 տարվա գրասենյակը լքել։ Հայաստանյան քաղհասարակության դրությունը շատ ծանր է, ընդգծեց Շուշան Դոյդոյանը. «Եվ հատկապես լրագրողական համայնքն է այդ վիճակում հայտնվել, որովհետև քիչ թե շատ օբյեկտիվ, անաչառ լրատվամիջոցների աջակցության կարևոր աղբյուրներից մեկը նաև Միացյալ Նահանգների աջակցությունն էր, որն այս պահին սառեցվել է»։
Կազմակերպություններն այժմ ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների փնտրտուքների մեջ են։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ծրագրեր էր իրականացնում նաև Հայաստանի կառավարության հետ, այդ թվում՝ տեղահանված արցախցիներին օգնելու համար։ Անցած սեպտեմբերին USAID-ի հայաստանյան առաքելության նախկին ղեկավար Ջոն Ալելոն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանին տրամադրվող օգնության շեմն ավելացնելու և 250 միլիոն դոլար սահմանելու փաստաթուղթ ստորագրեցին։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են՝ 2024-ի ընթացքում 250 միլիոնից հատկացվել է շուրջ 110 միլիոնը։ 49 միլիոն դոլար ուղղվել է ժողովրդավարական անցման խթանման ծրագրերին, 61 միլիոն էլ՝ տնտեսական անվտանգության բարելավմանը։