Մատչելիության հղումներ

Շոկային իրավիճակ քաղհասարակության համար. ամերիկյան ծրագրերը կասեցվում են


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում

Արտաքին օժանդակությունը 90 օրով կասեցնելու՝ ԱՄՆ նախագահի հրամանն արդեն սկսել է իր ազդեցությունը թողնել հայաստանյան քաղհասարակության կյանքում: Մեկը մյուսի հետևից դադար են վերցնում ամերիկյան փողերով գործող դրամաշնորհային ծրագրերը:

Դրանց շարքում են նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամերիկյան ֆինանսավորմամբ ծրագրերը: Ղեկավար Շուշան Դոյդոյանն անհանգստացած է: «Մասնավորապես քաղաքացական հասարակության համայնքի համար մուրճի հարվածի հետ կարող եմ համեմատել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դոյդոյանը:

«Ազատություն»-ն այսօր տեղեկացավ, որ չեղարկվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հինգշաբթի օրն անցկացվելիք միջոցառումը՝ հենց Թրամփի հրամանագրի պատճառով:

Կենտրոնի ղեկավարն ընդգծում է՝ բազմաթիվ դժվարությունների առջև կանգնած երկրների համար սա ևս մեկ մարտահրավեր է:

«Քաղաքացիական հասարակությունը փաստորեն զրկվում է կայուն ֆինանսական միջոցներ ունենալու հնարավորությունից, որպեսզի իրականացնի իր կանոնադրական առաքելությունը», - նշեց Դոյդոյանը:

Դեռևս հստակ չէ, թե քանի կազմակերպության քանի ծրագիր է կասեցված:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեռ շաբաթ օրն է տեղեկացել, որ մեդիա ոլորտի զարգացման ծրագիրը դադարեցնում են, և մինչև նոր ցուցում ստանալը որևէ ծախս, որևէ գործողություն չպետք է անել: Չէր կարծում, որ երկարաժամկետ կնքված պայմանագրերը ևս կկասեցվեն: Ասում է՝ փաստացի չունեն երաշխիք, որ ավարտին կհասցնեն սկսածը:

«Իրարանցում է տեղի ունեցել, որոշ տեղերում, որոշ դեպքերում նույնիսկ կարելի է ասել, որ սա շոկային իրավիճակ է, որովհետև շատ կտրուկ է ամեն ինչ տեղի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մելիքյանը՝ շարունակելով. - «Մենք հետևում էինք, գիտեինք, որ վերանայումներ, փոփոխություններ կլինեն, միգուցե չափանիշների ավելի խստացում կարող էր լինել, և այլն, բայց վերցնել և ասել, որ այս ամսի 24-ից ամեն ինչ դադարեցվում է, դա, իհարկե, լավագույն լուծում չէ, կարծում եմ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով՝ հետո բարդ կլինի շտկել այս դադարի հետևանքները, ինքն ու գործընկերներն անորոշության մեջ են:

Հետք Մեդիա Գործարանի ծրագրերի ղեկավար Հարություն Մանսուրյանն, իր հերթին, «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Իրենց գրած ամեն բառի համար պատասխան տան՝ մենք դա ենք իրենց սովորեցնում: Սովորեցնում ենք ոնց գրել, ոնց պատասխանատու լինել իրենց ասածի, գրածի համար, ոնց չվնասել՝ պահելով բոլոր այդ էթիկական և մնացած սկզբունքները: Այն արդյունքը, որ մենք տալիս են, իսկապես գոհ ենք դրանից, որովհետև տեսնում ենք, թե դաշտում ինչքան բան են փոխում մեր շրջանավարտները»:

100 շրջանավարտ՝ հինգ տարում, ամերիկյան դրամաշնորհով. վերջին տարիներին լրագրողական դաշտին թարմ, մասնագիտական գիտելիքներով զինված կադրերով ապահոված Հարություն Մանսուրյանն ու թիմն արդեն որոշել են՝ Հետք Մեդիա Գործարանը դռները ուսանողների առջև չի փակի. - «Փակել այդ ծրագիրը, որովհետև հիմա չենք կարող ստանալ այդ ֆինանսավորումը, մենք նաև չենք կարող, որովհետև եթե փակենք, հետո վերաբացել չենք կարող: Այսինքն՝ դա այնպիսի մի բան չի, որ փակենք հիմա ու հետո անենք մի ամիս հետո. դա փառատոն չէ, դա ուսումնական ծրագիր է»:

Անորոշություն է նաև տեղահանված արցախցիների համար իրականացվող ծրագրերում: Արցախի հայաթափումից հետ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շուրջ 10 միլիոն դոլար էր տրամադրել՝ սննդից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցության համար: Բացի այս գումարից, գործակալությունն անցած ապրիլին հաղորդեց, որ 33 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ օգնելու տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումը և պաշտպանելու մարդու իրավունքները։ Թե ինչպես կշարունակվեն այս ծրագրերը, ոչ ամերիկյան, ոչ էլ Հայաստանի կառավարությունից դեռևս չեն մանրամասնում:

Նույն պատկերն է ամբողջ աշխարհում

Նույն պատկերն ամբողջ աշխարհում է՝ մարդասիրական խմբերը, ոչ կառավարական կազմակերպությունները, ձեռնարկատերերը, ֆերմերները և կառավարությունները Վաշինգտոնի ծրագրերին հետևում են անհանգստությամբ:

Առաջիկա երեք ամիսներին ԱՄՆ նոր վարչակազմը պետք է քննի՝ որքանով են ամերիկյան հարկատուների փողերով Նահանգների սահմաններից դուրս իրականացվող ծրագրերը համապատասխանում Վաշինգտոնի շահերին:

«Միացյալ Նահանգների հետագա արտաքին օգնությունը պետք է տրամադրվի այնպես, որ լիովին համապատասխանի իր արտաքին քաղաքականությանը», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նախագահի հրամանագրում հստակեցված չէ, թե որ երկրներին, ծրագրերին կամ օգնություն ստացողներին է վերաբերում դա։ Նշվում է միայն, որ այս փուլում բացառություն է արված միայն շտապ կարգով տրամադրվող սննդամթերքի օգնության հարցում։

Թրամփը տևական ժամանակ քննադատել է ԱՄՆ արտաքին օգնությունը, որը կազմում է դաշնային բյուջեի մոտ 1 տոկոսը: Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականին ՄԱԿ-ին ուղղված ուղերձում նա հայտարարել էր. - «Մենք պատրաստվում ենք արտաքին օգնություն ցուցաբերել միայն նրանց, ովքեր հարգում են մեզ և, անկեղծ ասած, մեր բարեկամներն են»:

Reuters-ը հաղորդում է, որ անցած շաբաթ օրը նոր վարչակազմը նաև ուղերձ է հղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի շուրջ 10 հազար աշխատակիցներին, հորդորելով միանալ ջանքերին, որոնցով Վաշինգտոնը տրամադրելու է իր արտաքին օգնությունը՝ Թրամփի՝ «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսի համաձայն։

«Մենք պարտավոր ենք աջակցել նախագահին՝ իր տեսլականին հասնելու հարցում», - գրել է վարչակազմի ներկայացուցիչը, հավելելով. - «Նախագահը մեզ տվել է հսկայական հնարավորություն՝ փոխելու այն մոտեցումը, որ ունենք արտաքին օգնության հարցում առաջիկա տասնամյակների համար»:

Միացյալ Նահանգները աշխարհում օգնություն տրամադրող ամենամեծ դոնորն է, 2023-ին Վաշինգտոնը 72 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել աշխարհով մեկ։ Թե ինչպես են իրականացվելու այդ ծրագրերը, և շարունակվելու է արդյոք դրանց ֆինանսավորումը՝ հստակ չէ․ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու Սպիտակ տունը չեն արձագանքել այս մասին «Ազատության» ու Reuters-ի հարցերին։

Reuters-ի տրամադրության տակ եղած փաստաթուղթը միայն նշում է, որ յուրաքանչյուր ծրագիր «անցնելու է համապարփակ քննություն», այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից. - «Կարևոր է ընդգծել, որ նախկինի նման այլևս չի լինելու, յուրաքանչյուր ծրագիր մանրազնին կստուգվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG