Ութ լրագրող է տուժող ճանաչվել հունիսի 12-ի դեպքերով, երբ ոստիկաններն ուժի գործադրմամբ ու լուսաձայնային նռնակների կիրառմամբ ցրում էին ընդդիմության ցույցը։ ABC media-ի լրագրող Նանէ Հայրապետյանին արդեն հարցաքննել են։
«Հարցրեցին, թե արդյոք կճանաչեմ ոստիկաններին, թե՝ ոչ, եթե տեսնեմ: Ոստիկանները սաղավարտով էին, ու նրանց գրեթե ոչ մեկի դեմքը ամբողջությամբ չէր երևում: Կարմիր բերետավորներ կային էնտեղ, բայց մեզ հարվածողները եղել են այն ոստիկանները, որոնք սաղավարտներով էին, և իրենց ձեռքին կային վահաններ», - «Ազատությանը» պատմեց լրագրողը:
Նանէ Հայրապետյանն ու գործընկերը՝ օպերատորը, թեև եղել են Press գրությամբ շապիկով ու տեխնիկայով, բայց ցուցարարների հետ հրմշտոցի ժամանակ իրենց էլ ոստիկանները չեն խնայել։ Նանէն ու գործընկերը գետնին են տապալվել, նրա ոտքերն ու գլուխն էին վնասվել։ Հիվանդանոց էին տեղափոխվել։
«Ոստիկանների ու քաղաքցիների միջև բախում էր սկսվել, այդ ժամանակ տարբեր մարդիկ, ոստիկաններ մեր վրայով գնում-գալիս էին, որովհետև քայլելու տեղ չկար, ու փաստացի արդեն մենք էինք վնասվում, մեր ոտքերը ամբողջությամբ, ու քանի որ բարձրահասակ եմ, միայն գլուխս չէր վնասվել՝ ընկած ժամանակ գլուխս էլ վնասվեց», - ասաց Հայրապետյանը:
Նանէն ասում է՝ ավելի ուշ իրեն կադրեր են ցույց տվել, որ ոստիկանը վահանով հարվածում է իր թիկունքին։ Քննիչներին մասնավորապես հետաքրքրել է, թե տուժած լրագրողը հիշո՞ւմ է ոստիկանների դեմքերը. - «Կադրեր տեսա, որտեղ երևում է՝ ոստիւկանը ինչպես է ինձ իր վահանով հարվածում, կադրը կորցրել ենք, ցավոք սրտի, բայց նույն օրը մեր գործընկերներից մեկն էր ցույց տվել»:
Լուսաձայնային նռնակի պայթյունից կոտրվել էր News.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանի ոտքը։ Օպերատորը մինչև հիմա հիվանդանոցում է, չի կարողացել Քննչական ներկայանալ։
Նանէի տպավորությամբ՝ ոստիկանները կազմակերպված են գործել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները մեկուսացվեն ու նրանց գործողությունները չնկարեն. - «Մենք հագել էինք շապիկներ, որի վրա կար Press գրություն, ետևում իմ ընկերության անունը՝ ABC media, որը անհնար էր պարզապես չնկատել»:
Հունիսի 12-ին ոստիկանական գործողությունների իրավաչափությունը քննելու երկու գործ է հարուցվել, լրագրողներից բացի 100 ցուցարար էր տուժել, նրանից էլ են ճանաչվել տուժողներ, բայց ոչ մի ոստիկանի մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ ակնհայտ էր ոստիկանների լիազորությունների չարաշահումը։
«Հուսանք, որ այս արտառոց, էքստրեմալ դեպքերը, որոնք տեղի ունեցան հունիսի 12-ին, այնուամենայնիվ, իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն այդ քննչական գործողությունները, և մեղադրանք կառաջադրվի, որովհետև լիազորությունների չարաշահումը ակնհայտ էր այդ օրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Վարչապետի գլխավորությամբ իշխանականները պնդում էին, որ իրավապահներն իրավաչափ են գործել, ու շնորհակալություն էին հայտնում ոստիկաններին։
«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերից հետո որևէ ոստիկանի մեղադրանք կառաջադրվի՞, արդյոք սա չի՞ ազդի քննիչների որոշման վրա:
«Ես ունեմ մտավախություն, որ կարող է ազդել, իհարկե, իհարկե կարող է ազդել, բայց, մյուս կողմից, այնպիսի ակնհայտ փաստեր են արձանագրվել, որ մի քիչ, այնուամենայնիվ, բարդ կլինի այդ ամենը կոծկել», - ընդգծեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը:
Աշոտ Մելիքյանի ղեկավարած կազմակերպությունը նկատել է՝ ոստիկանների լուսաձայնային նռնակը տեղում աշխատող լրագրողների ուղղությամբ է եղել։ Դա իրեն հիշեցրել է 2016 թվականի Սարի Թաղի դեպքերը, երբ լրագրողներն ուղիղ ոստիկանների թիրախում էին։
«Ակնհայտ երևում է, որ լրագրողների մի խումբ այդ գործողություններից մի քիչ այն կողմ նկարահանում է անում և փաստեր են հավաքվում, և լուսաձայնային նռնակը ընկնում է հենց իրենց ուղղությամբ», - ասաց Մելիքյանը:
Տուժողներից է Mediahub-ի լրագրող Նարե Գևորգյանը։ Նա քննիչներին ասել է, թե հայտնվել է ոստիկանների ու ցուցարարների հրմշտոցի մեջ, հատուկ ոստիկանների թիրախում չի եղել, և հրաժարվել է մասնակցել հետագա հարցաքննությանը։
Տասը լրագրողական կազմակերպություն կոշտ քննադատեց ու դատապարտեց ոստիկանության, ինչպես իրենք էին ձևակերպել՝ անհամաչափ գործողությունները։ Այսօր Քննչականից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարին հայտնել են, որ այդ հայտարարությունն ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին։