Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղար. «Նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում»


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիան Կառավարության հիմնական առաջնահերթությունն է։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովում իր ելույթում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ եթե անվտանգության ոլորոտում հաջողություններ ունեն, ապա նույնը չեն կարող ասել տնտեսության մասին։

Իբրև հաջողություն ԱԽ քարտուղարը ներկայացրեց Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Նախկինում 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք Ռուսաստանի հետ, այսօր այդ թիվն իջել է 10 տոկոսից էլ ցածր, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է։ Այսօր մենք ունենք մի քանի գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից մեկը Հնդկաստանն է, մյուսը՝ Ֆրանսիան, և մենք փնտրում ենք նոր գործընկերներ», - հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն՝ ռազմարդյունաբերական ոլորտը սպասարկի Հայաստանի կարիքները», - ասաց Արմեն Գրիգորյանը:

XS
SM
MD
LG