Մատչելիության հղումներ

Ռուսական Су-30-ների արդիականացումը Հնդկաստանի՞ օգնությամբ. տարբեր գնահատականներ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երևանը չի հաստատել Հնդկաստանի օգնությամբ Су-30 կործանիչներն արդիականացնելու տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Հնդկաստանի օգնությամբ ռուսական Су-30 (Սու 30) կործանիչները արդիականացնելու հնարավորությունը։ Դելիում լույս տեսնող անգլալեզու Hindustan Times-ի պնդմամբ՝ տեղեկությունը Ջոդփուրում փոխանցել է Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը։

Ըստ թերթի՝ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, թե համագործակցության հարցն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի հետ։ Լրատվամիջոցը հրապարակել է նաև Վարդանյանի հետ հնդիկ բարձրաստիճան զինվորականի լուսանկարը Ջոդփուր քաղաքի ավիաբազայում, որտեղ անցած շաբաթավերջին անցկացվել են հնդկական պաշտպանական ավիացիայի ցուցահանդեսն ու ավիացիոն զորավարժությունները։

Արդյոք Երևանն իսկապես դիտարկում է Հնդկաստանի հետ իր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը՝ հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել։ Ռազմական կառույցը սպառազինության գնումներին, բանակցություններին ու հնարավոր գործարքներին հրաժարվում է անդրադառնալ։

Су-30-ները Հայաստանը գնել էր 2019-ին, բայց ռուսական այս կործանիչները Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին 44-օրյա պատերազմից պատերազմից հետո, երբ վարչապետ Փաշինյանը խոստովանեց, թե դրանք առանց հրթիռներ են գնել, չնայած 20 թվականի ամռանը պնդել էր, որ Су-30-ները հաջողությամբ փորձարկել են հրթիռները։

Արդիականացման կարիք ունեն զինուժի սպառազինության մեջ գտնվող Су-25 կործանիչները. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ արդիականացման կարիք ունեն ոչ թե Су-30-ները, այլ՝ զինուժի սպառազինության մեջ գտնվող Су-25 կործանիչները։ Ռազմական կառույցի նախկին ղեկավարի համոզմամբ՝ հավանաբար հենց այդ մոդելներն է ցանկանում արդիականացնել Երևանը։

«Չեմ կարծում, թե դա վերաբերում է Су-30-ներին։ Ինձ թվում է, թե դա Су-25-երին է վերաբերում, որոնք արդիականացման կարիք ունեն իրականում։ Եթե համաձայնություն ձեռք է բերվել, ես գտնում եմ, որ այդ համաձայնությունն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ պետք է ձեռք բերվեր, որովհետև Су-25-երը Ռուսաստանի Դաշնության արտադրանք են։ Եթե այդպիսի պայմանավորվածություն ունեն, ի՞նչ ասեմ, թող կատարեն», - ասաց նա։

Հայկական օդուժում գտնվող 4 Су-30 կործանիչներն էլ ունեն արդիականացման կարիք. Լեոնիդ Ներսիսյան

Մինչդեռ ոլորտն ուսումնասիրող «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ հայկական օդուժում գտնվող 4 Су-30 կործանիչներն էլ ունեն արդիականացման կարիք։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ Հնդկաստանն այս առումով կարող է օգնել Երևանին։ Շեշտում է՝ Դելին ռուսական արտոնագրով Су-30МКИ բազմաթիրախային կործանիչներ է արտադրել հենց իր սպառազինության համար, բացի այդ ինքն էլ պատրաստվում է արդիականացնել դրանք։

Հնդկական մասնավոր ընկերությունը, որը արտադրում է ռուսական մոդելի կործանիչները, ըստ տեղական մամուլի, Հնդկաստանի զինված ուժերում առկա կործանիչները համալրելու է նոր ռադարով, ռադիոէլեկտրոնային պայքարի, զենքի կառավարման, նավիգացիոն համակարգերով և նոր զենքերով:

«Եթե այդպիսի որոշում կա, բավականին լավ ճանապարհ կլինի, որովհետև թույլ կտա Հայաստանը գոնե ինչ-որ մի մասը դետալների և զենքի ու զինամթերքի, կործանիչների Ռուսաստանից կախվածությունից դուրս գալ, ու բացի դրանից ավելի որակյալ կործանիչ ստանալ, որովհետև Су-30-ն արդեն, եթե խոսքը գնում է, օրինակ, էլեկտրոնիկայի մասին, այդքան էլ արդիական չի այս պահին», - ասաց Լեոնիդ Ներսիսյանը։

Ըստ բաց տվյալների՝ Հնդկաստանի օդուժում 270 Су-30МКИ կործանիչ կա, այդ թվում՝ Ռուսաստանից ներկրվածները։ Ռազմական փորձագետը չի բացառում՝ Երևանը կարող է դիտարկել նաև հենց այս կործանիչների համար Դելիի արտադրած հրիթռների ձեռքբերումը։

«Մենք այս պահին բավականին արդիական կործանիչ ունենք, բայց շատ հնացած զենք ու զինամթերք իր համար, ու այսօր Ռուսաստանը շատ քիչ է արտադրում արդիական հրթիռներ, ինչ էլ արտադրում է, իրանք օգտագործում են Ուկրաինայում։ Հնդկաստանն այդ տեսակետից շատ հետաքրքիր առաջարկներ ունի բավականին բարձր հեռավորությամբ օդային թիրախների դեմ հրթիռներ, զբաղվում են նաև տարբեր տեսակի ցամաքային թիրախներին խոցելու զենք ու զինամթերք, դա հետաքրքիր շատ ճանապարհ է զարգացման», - նկատեց նա։

Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 2020 թվականի պատերազմից հետո ակտիվ համագործակցում են պաշտպանական ոլորտում։ Գնումների տեսակն ու ծավալները կողմերը պաշտոնապես չեն բացահայտում։ Հնդկական լրատվամիջոցները, մինչդեռ, պարբերաբար հրապարակում են Երևանի ձեռքբերումների մասին։ Ըստ այդ հրապարակումների՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել հակադրոնային համակարգեր, բազմափողանի հրթիռային կայաններ, քարշակային հրետանային համակարգեր ու հաուբիցներ։ Ըստ հնդկական աղբյուրների՝ Երևանը դրանց համար հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարել։

XS
SM
MD
LG