Մատչելիության հղումներ

Արևմուտքը պատրաստ է ՀՀ-ին մատակարարել գրեթե ցանկացած զենք, իսկ առաջիկա 15 ամսում «Սեզար»-ները կհասնեն. Արմեն Խաչատրյան


Իշխանությունները հաստատում են՝ 36 հաուբից 15 ամսում Ֆրանսիայից կհասնի Հայաստան

36 հաուբից 15 ամսում Ֆրանսիայից կհասնի Հայաստան, իշխանություններն այսօր հաստատել են ֆրանսիական «Ֆիգարո»-ի տեղեկությունները։

«Իհարկե, «Ֆիգարո»-ն հիմնվել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկատվության հիման վրա։ Իհարկե, մենք դա չենք հերքի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Հունիսի 18-ին հաղորդվեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

«Այն համարվում է աշխարհի լավագույն հրետանային միջոցը, և Ֆրանսիայի բանակում հենց այդպիսի հրետանային միջոցներ են։ Նրանք նաև իրենց արդյունավետությունն ապացուցել են տարբեր մարտական իրավիճակներում աշխարհի շատ ու շատ վայրերում։ Այդ հրետանային միջոցը Ֆրանսիան շատ քիչ երկրների է վաճառել, Հայաստանի Հանրապետությունը, եթե չեմ սխալվում, տասներորդ գնորդն է այդ համակարգերի։ Այն բավականին առաջադեմ համակարգ է և, իհարկե, մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի՝ պաշտպանական մեր խնդիրները լուծելու համար այդպիսի համակարգեր ունենալ», - ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը շեշտեց՝ դրանք մինչև 50 կիլոմետր խոցելիության հնարավորություն ունեն, առնվազն 40-41 կմ։ Իր տեխնիկական տվյալներով «Սեզար»-ը բավարարում է հայկական կողմի բոլոր պահանջներին, ասաց նա։

«Նա շատ մոբիլ է, ժամանակի միավոր հատվածում կարողանում է կրակել որոշակի առավելագույն չափով արկեր, որ տարբերվում է մյուս հրետանային միջոցներից, ճշգրիտ կրակոցներ իրականացնում է, այսինքն՝ գրեթե բոլոր հրետանային համակարգերից ավելի ճշգրիտ խոցումներ է իրականացնում, իր տեխնիկական բոլոր պարամետրերով, այսօր կարելի է համարել, որ այն հանդիսանում է աշխարհի լավագույն հրետանային միջոցներից մեկը»։

Գրեթե ցանկացած զենք հայկական ռազմարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել. Արմեն Խաչատրյան

Հարցին, թե քանի որ «Սեզար» հրետանային համակարգերը ՆԱՏՕ-ի չափանիշներին ամբողջությամբ համապատասխան զինատեսակներ են, արդյո՞ք իրենց մատակարարման, գործարկման հետ կապված Հայաստանը խնդիրներ չի՞ ունենա, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Իհարկե, ցանկացած զենք եթե ձեռք է բերվում, քննարկվում են նաև այդ ձեռքի տեխնիկական սպասարկման խնդիրները, որովհետև հասկանալի պատճառներով, եթե ձեռք ենք բերում նորագույն զինատեսակ, ուրեմն նախկինում մեր զինանոցում չի եղել, և ընդհանրապես խորհրդային այդ երկրներում այդպիսի զինատեսակներ չեն եղել, դրանք նոր են ամբողջությամբ, նաև սպասարկման խնդիր է առաջանում։ Այն զինատեսակները, որոնք մենք ձեռք ենք բերում, իհարկե, քննարկվում է նաև սպասարկման խնդիրը, և պայմանավորվածություններ են ձեռք բերվում արտադրողի կամ այլ կազմակերպության կողմից դրանք սպասարկելու, բայց կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի մի շարք զինատեսակների սպասարկումը հենց իրականացնեն հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները»։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այսօր գրեթե ցանկացած զենք հայկական ռազմարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել։

Այսպիսի տեմպերով Ֆրանսիան կարող է դառնալ մեր ռազմավարական գործընկերը. պատգամավոր

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցությունն անցած տարեվերջին են սկսել։ Աշնանը ստորագրված պայմանագրերով Փարիզը պարտավորվել է Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ է փոխանցել Երևանին, դրանցից հինգն, ի դեպ, վերջերս ցուցադրվել էին զորավարժությունների ընթացքում։

Իսկ առաջիկայո՞ւմ հնարավոր է այսպիսի այլ համագործակցություն Ֆրանսիայի հետ, սրանով հնարավոր կլինի՞ վերականգնել պատերազմի ընթացքում ունեցած կորուստները. Արմեն Խաչատրյանն ընդգծեց. - «Ներկայումս գնում է բանակի ամբողջական մոդեռնիզացման պրոցես՝ նոր զինատեսակների ձեռքբերում և այլն։ Այս հրետանային միջոցների ձեռքբերումը մի կոմպոնենտն է, և շատ պարզ է, որ հրետանին պաշտպանական համակարգի մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում, բայց միայն հրետանին չէ, որ անհրաժեշտ է բազմակողմանի պաշտպանությունը կազմակերպելու համար։

Ֆրանսիայի հետ կնքվել են նաև հուշագրեր, այլ պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության, և այսպիսի տեմպերով Ֆրանսիան կարող է դառնալ մեր ռազմավարական գործընկերն ընդհանրապես և՛ զենքի, և՛ գուցե ռազմաքաղաքական գործընկերը»։

«Խնդիրն այն է, թե այդ պայմանագրային պարտավորություններն ինչպես են կատարում մեր ռուս գործընկերները»

Հայ-ֆրանսիական այս գործարքը քննադատեցին Բաքուն ու Մոսկվան։ Փարիզը Հարավային Կովկասում զինված հակամարտության հերթական փուլն է հրահրում, հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ադրբեջանից ևս դատապարտեցին, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

«Եթե Ադրբեջանի մասով ամբողջությամբ հասկանալի է, Ռուսաստանի մասով քիչ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն ամեն դեպքում դեռևս մեր ռազմավարական գործընկերն է պաշտպանության ոլորտում, և անհասկանալի է, թե ինչու է ՌԴ-ն այդ աղմուկը բարձրացնում, երբ որ հստակ երևում է, որ Հայաստանը իր պաշտպանողական կարողություններն է ավելացնում, և դա անել Ռուսաստանի հաշվին կամ Ռուսաստանի օգնությամբ, ներկայումս անհնար է, դա արդեն բացառված է», - ասաց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը։

Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր ուղիներով, դիվանագիտական գործիքակազմի օգտագործմամբ այսօր հասել է մի վիճակի, երբ առաջադեմ երկրները՝ Արևմուտքը «պատրաստ է մեզ մատակարարել գրեթե ցանկացած զենք»։

«Մենք 1-2 տարի առաջ չէինք կարող անգամ երազել, որ արևմտյան որևէ պետություն մեզ անգամ զինվորական կոշիկներ կվաճառեր։ Եվ ամեն ինչ պատրաստ են տալ Հայաստանին, որպեսզի մեր պաշտպանունակությունը բարձրանա», - ասաց Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը, իշխանական ՔՊ-ից պատգամավորը շեշտեց՝ այն ավարտված չէ։

«Այդ համագործակցությունը կա, ՀՀ զինված ուժերում առկա զինտեխնիկայի մեծ մասը ռուսական արտադրության զինտեխնիկա է, և դեռևս շարունակվելու է։ Խնդիրն այն է, թե այդ պայմանագրային պարտավորություններն ինչպես են կատարում մեր ռուս գործընկերները, բայց ինչ կանեն, չեն անի, մենք այսօր կաշկանդված չենք մի երկրից զենք կամ համագործակցություն ակնկալել։ Մենք այսօր հնարավորություն ունենք աշխարհի շատ երկրներից լավագույն զենքերը ձեռք բերել», - նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG