Մատչելիության հղումներ

Նոր չվերթ Բաքվից՝ Իսրայելի ռազմական օդանավակայան. Ադրբեջանը շարունակ զինվում է, բայց դրանում մեղադրում է Երևանին


Համաձայն Flight Radar կայքի՝ Ադրբեջանի ռազմական բեռանատար ինքնաթիռները նոր չվերթներ են կատարել դեպի Իսրայելի օդուժին պատկանող «Օվդա» օդանավակայան:

«Օվդա»-ն, ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման և ներկրման համար։ Թե ինչ նպատակով է ադրբեջանական SILK WAY -ի բեռնատար ինքնաթիռը մեկնել, ապա երեկ վերադարձել Բաքու, հստակ չէ։

«Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող ձեռք բերել Ֆրանսիայից»

Մինչ այդ անցած շաբաթավերջին, Փաշինյանը հղում անելով հետախուզական տվյալներին, պնդել էր, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, բայց դրանում մեղադրում է Երանին։

«Ասում են, որ Եվրամիությունը, Արևմուտքը զինում է Հայաստանին, Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Իտալիայից։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող ձեռք բերել Ֆրանսիայից: Եվրամիության առնվազն երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Մենք ամեն օր էդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց մենք էդ բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհներով», - ասաց վարչապետ Փաշինյանը։

Բաքուն պարբերաբար մեղադրում է Երևանին զինվելու և ռևանշի պատրաստվելու համար։ Հակադարձելով, Բաքվից հնչող մեղադրանքներին, վարչապետ Փաշինյանը հղում արեց միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանն՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր զինված ուժեր ունենալու և ինքնապաշտպանվելու իրավունք ունի։

«Այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել, որովհետև միջազգային իրավունքում նաև հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն», - ասաց վարչապետը:

Ցույց տալու համար, որ Հայաստանը «որևէ ագրեսիվ նպատակ» չունի, Փաշինյանը վստահեցրեց, թե անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կմ տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չեն դնում։

«Մենք այսօր և վաղը, մյուս օրը, ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել: Ինչո՞ւ, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք ադեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում մեր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցային ճանապարհով լուծել», - ընդգծեց վարչապետը:

Չնայած Փաշինյանի այս հավաստիացումներին ու խաղաղասիրական ուղերձներին՝ Բաքվից կոշտ արձագանքը չուշացավ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի վարչապետի ասուլիսից անմիջապես հետո խոսեց Հայաստանի ռազմական կարողություններն ու զինված ուժերը սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Սա այն դեպքում, երբ ինչպես Հայաստանի վարչապետն էր նշել, Ադրբեջանի ռազմական ծախսերն առնվազն 4 անգամ գերազանցում են Հայաստանի ցուցանիշը:

«Ինչքանո՞վ է արդար Հայաստանին մեղադրել այն պայմաններում, երբ մենք անընդհատ սպառնալիքներ ենք լսում», - նշեց Փաշինյանը:

Ըստ փորձագետի՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ձեռք են բերում բարձր մակարդակի զենք - զինամթերք

Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունն այսօր էլ շարունակում է խախտված մնալ, փաստում են նաև ռազմական փորձագետները։

APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանն ընդգծում է՝ Հայաստանն ակտիվորեն գնումների գործընթացը սկսել է 2022 - ից հետո, այսինքն պատերազմից 2 տարի անց միայն։ Իսկ զենքի ձեռքբերումն ու անձնակազմի ուսուցումը ժամանակատար է։

«Կարևոր է նշել, որ Ադրբեջանը չի ուզում, որ էդ իրավիճակը փոխվի, ու իրենք էլ են ավելի մեծ գումարներ, քան Հայաստանը ծախսում ռազմական գնումների համար։ Իրենց ռազմական բյուջեն գերազանցում է հայկականին։ Հայկականը 2024 -ին 1.4 միլիարդ դոլարին է մոտ, իսկ Ադրբեջանինը՝ 3.7 միլիարդի մոտավորապես, 2 անգամ ավելի», - ասաց Ներսիսյանը:

Ռազմական փորձագետը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ձեռք են բերում բարձր մակարդակի զենք - զինամթերք՝ մեծամասամբ ՆԱՏՕ -ի չափանիշներին համապատասխան։ Օրինակ՝ «Սեզար» հրետանային համակարգը, որ Հայաստանը գնում է Ֆրանսիայից, ավելի բարձր որակի է, քան այն, ինչ ձեռք է բերում Ադրբեջանը Սերբիայից և Սլովակիայից։ Բայց փոխարենը Բաքվի կողմից ձեռք բերված մոտ մեկ միլիարդ դոլարի արժողությամբ իսրայելական հակաօդային պաշտպանության BARAK MX համակարգերն ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակ ունեն, քան AKASH -ները, որ Հայաստանը ձեռք է բերում Հնդկաստանից։

Որքա՞ն ժամանակ է դեռ անհրաժեշտ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմական հավասարակշռությունը վերականգնվի։ APRI Armenaia - ի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի համոզմամբ՝ որոշ փոփոխություններ տեսանելի կլինեն 3-ից 4 տարի անց միայն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG