Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվում է ընդունել քվեարկության արդյունքները։
Կուսակցությունը պնդում է, որ ընտրություններն անցել են «ազատ և արդար քաղաքական մրցակցության, ժողովրդավարական միջավայրի բացակայության, խոսքի ազատության սահմանափակումների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իշխանության քննադատների նկատմամբ բռնաճնշումների պայմաններում»:
Քաղաքական ուժը հայտարարում է նաև, որ քվեարկությունն ուղեկցվել է «զանգվածային խախտումներով, բազմակի քվեարկություններով, լցոնումներով, դիտորդների նկատմամբ ճնշումներով»։
«Կուսակցությունը ոչ ազատ, ոչ արդար, ոչ ժողովրդավարական և ժողովրդի կամքը չարտացոլող ընտրությունների հիման վրա ստեղծված Միլի մեջլիսը օրինական օրենսդիր մարմին չի համարում»,- ասված է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատար է Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Այն ստանում է խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։
- Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը, իր հերթին, կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները։