Ադրբեջանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։
125 պատգամավորական մանդատի համար պայքարում է 990 թեկնածու։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6 միլիոն 4 հազար մարդ՝ ըստ պաշտոնական տվյալների։
Ընդդիմության առավել կոշտ թևը՝ «Ժողովրդական ճակատը», այս ընտրությունները բոյկոտում է։ Կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին պնդել է, որ ոչինչ չի փոխվել՝ «Ադրբեջանում արդար և ազատ ընտրությունների համար պայմաններն իսպառ բացակայում են», իսկ երկրի միակ անկախ դիտորդական կազմակերպության ղեկավարը ճաղերի ետևում է։
Այս ընտրություններն անցկացվում են տասնյակ անկախ լրագրողների, իրավապաշտպանների, ընդդիմադիր ակտիվիստների ազատազրկման պայմաններում։
Անկախ Ադրբեջանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններն անխտիր «ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար» գնահատած միջազգային կառույցներն այս ընտրական գործընթացին հետևում են սահմանափակումներով:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում երկրորդ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ընտրական գործընթացներին հետևող ամենահեղինակավոր կառույցի՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները միջանկյալ զեկույց չեն ներկայացնի, գնահատականները կհնչեցնեն միայն քվեարկության ավարտից հետո։