Մատչելիության հղումներ

Ղարաբաղում հաղթանակից հետո Ադրբեջանում 2-րդ արտահերթ ընտրությունը կարող է երկիրը ժողովրդավարության փակուղի տանել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է ընտրատեղամասում, Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է ընտրատեղամասում, Բաքու

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնցում գրեթե անկասկած գերիշխելու են նախագահ Իլհամ Ալիևի դաշնակիցներն ու նրանց երեխաները, որոնք ցանկանում են օգնել նրան՝ ավելի ամրապնդելու իր դինաստիկ իշխանությունը:

Խիստ վերահսկվող ընտրական գործընթացն Ադրբեջանի ավելի քան 6 միլիոն ընտրողներին առաջարկում է սահմանափակ այլընտրանք ի դեմս Ալիևին հավատարիմ թեկնածուների և տեղի է ունենում նրա պաշտոնավարման հինգերորդ ժամկետի սկզբում, որը տասնամյակներ շարունակ հիմնված է եղել նավթադոլարներից ստացված հարստության և ամենայն մանրամասնությամբ կազմակերպված ու խիստ վերահսկվող ընտրությունների և հարևան Հայաստանի հետ սերունդներ տևած վեճի վրա, որը վերջերս հասավ իր գագաթնակետին։

Շատ ադրբեջանցիներ և օտարերկրյա փորձագետներ ենթադրում էին, որ «Ղարաբաղի հարցի» լուծումը, որը վերջ կդնի հետխորհրդային աշխարհի ամենաերկար սառեցված հակամարտությանը, կարող է Բաքվում ժողովրդավարական ազդակները վերակենդանացնելու հնարավորություն տալ, նույնիսկ այն դեպքում, եթե Ալիևը պահպանի իր ամուր դիրքերը։

Սակայն, փետրվարին 62-ամյա Ալիևի վերընտրվելուն որևէ «իսկական այլընտրանքի» բացակայությունը, լուրջ տարաձայնությունների հետևանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և ժողովրդավարության աջակցության հարցերով զբաղվող մարմնի՝ ԵԽԽՎ-ի հետ Բաքվի հարաբերությունների վատթարացումը և վերջին շրջանում Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացումն ու BRICS դաշինքին անդամակցելու Ադրբեջանի որոշումն այլ բան են հուշում:

Ավելին, ընտրություններին քաղաքական էստաբլիշմենթի հետ սերտ կապեր ունեցող տարեց օրենսդիրներից մի քանիսի երեխաների մասնակցությունը, որոնք ձգտում են կիրակի անցկացվող խորհրդարանական ընտրություններում փոխարինել իրենց հայրերին, կարող է ազդարարել ադրբեջանական էլիտայի մի ամբողջ նոր սերնդի ձևավորման մասին, որը հավատարիմ կլինի Ալիևին ու նրա համակարգին:

Իսկ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնաճնշումները համեմատվում են մեկ տասնամյակ առաջ տեղի ունեցած բանտարկությունների և ոտնձգությունների տխրահռչակ ալիքի հետ, պարզապես ավելի մեծ մաստշաբով:

«Թվում է, թե պարզապես փորձ է արվում մաքրել բոլորին, - «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ին ասել է Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) ժողովրդավարության գնահատման հարցերով խորհրդական Մայքլ Ռունին,- Դա իսկապես վկայում է այն մասին, որ կառավարութունը փորձում է վերացնել հասարակությունում առկա ցանկացած տեսակի անկախ կազմակերպություն»:

Նա վկայակոչեց վերջին ձերբակալությունները, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող 29-ամյա ադրբեջանցի ասպիրանտ Բահրուզ Սամադովի ձերբակալությունն արտերկրում, ըստ երևույթին 2020-ի պատերազմի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 2023-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ նրա հնչեցրած քննադատական հայտարարությունների պատճառով:

Ռունիի խոսքով՝ Ադրբեջանն արդեն վատ դիրքերում է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ներկայացվածությունը, օրենքի գերակայությունն ու մասնակցայնությունը: Ըստ նրա՝ հույսեր կային, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո ավելի ժողովրդավարական ճանապարհ կարող էր բացվել, սակայն «մարդիկ զգում են, որ դա այդպես չէ»:

Փոխարենը, նախազգուշացնում է նա, «կառավարությունը փորձում է համախմբել իր ուժերը և փակել դեպի ժողովրդավարացում տանող ցանկացած հնարավոր ճանապարհ»:

Ռունին ասել է, որ հատկապես անցյալ տարի Ղարաբաղը վերագրավելուց հետո, զգում է, որ «Բաքվի կառավարությունը համարում է, որ այլևս կարիք չունի գոհացնել Արևմուտքին»:

Բաքվի խիստ վերահսկվող վերլուծական հանրությունը սովորաբար Ալիևի վերջին քայլերը բնութագրում է որպես «անկախ արտաքին քաղաքականություն», ի հակադրություն ցանկացած շրջադարձի, որով նախկին Խորհրդային Միության այս անկայուն անկյունում գտնվող նավթի և գազի կարևոր մատակարար երկիրը կհեռանա Արևմուտքից և ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Ռուսաստանի կամ ավտորիտար այլ գործընկեր երկրների հետ:

Արևմտյան դիտորդները մշտապես քննադատել են Ալիևի իշխանությունն ամրապնդող ընտրությունները՝ դրանք համարելով ոչ ժողովրդավարական, իսկ Ադրբեջանում 2003-ից մինչև վերջերս՝ 2020-ն անցկացված քվեարկություններն անցել են բռնություններով:

Արդյունքում Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը պաշտոնապես նախագահում է առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, և հավատարիմ կուսակցությունների մի խումբ գերիշխող դիրք ունեն 125 տեղանոց Ազգային ժողովում:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» առաջատար ընդդիմադիր կուսակցությունն արդեն յոթերորդ անգամ անընդմեջ հեռու է մնում «կառավարական կեղծ ընտրությունների դիմակահանդեսից»: Սակայն, «Մուսավաթ» կուսակցությունը մասնակցում է՝ չնայած մշտական խոչընդոտներին, որոնք վերաբերում են մշտադիտարկմանը, քարոզարշավին և լրատվամիջոցների աշխատանքին, որոնք մեծապես իշխող կուսակցության կողմից են հանդես գալիս, ինչպես նաև քվեարկության օրը տեղի ունեցող լուրջ խախտումներին՝ ասելով, որ «եթե նույնիսկ հինգ կամ տասը մարդ գա քվեարկության, ընտրությունները կհամարվեն կայացած», այն պատճառով, որ 2003-ից ի վեր չկա մասնակցության շեմի մասին որևէ պահանջ։

Հաջորդ սերնդի էլիտայի ներկայացուցիչներից առնվազն մի քանիսը, հավանաբար, կհամալրեն խորհրդարանում հավատարիմ օրենսդիրների շարքերը: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 1-ին անցկացվող ընտրություններին մասնակցող թեկնածուների թվում են Սամիր Ահմադօղլու Վալիևը, որը նախկին պատգամավոր և համալսարանի ռեկտոր Ահմադ Վալիևի որդին է, Մահիր Թահիրօղլու Սուլեյմանլին՝ նախկին ազդեցիկ պատգամավոր Թահիր Սուլեյմանովի որդին, և Գյունայ Աղամալին, որը հավակնում է փոխարինել իր հորը՝ Ֆազայիլ Աղամալիին, որը մոտ 30 տարի եղել է պատգամավոր և «Հայրենիք» կուսակցության առաջնորդը և, ինչպես հաղորդվում է, պաշտոնը լքում է առողջական պատճառներով: Այգյուն Մանիևան, որը նախկին պատգամավորի դուստր է և այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, սկզբում հայտնվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության ցուցակում, սակայն, ըստ տեղեկությունների, հանել է իր թեկնածությունը:

Ալիևն Ադրբեջանը ղեկավարում է 2003-ից, երբ իշխանությունն ստանձնեց հորից, ում առողջական վիճակն արդեն վատ էր և այս տարի ևս յոթ տարի կառավարելու հնարավորություն ստացավ արտահերթ ընտրությունների արդյունքում, որոնք, ըստ միջազգային դիտորդների, անցկացվել են լուրջ խախտումներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG