Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտյան ձերբակալեցին ու Քննչական կոմիտե տեղափոխեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ, ընդդիմադիրներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին: Քննիչը հայտնեց, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար:
Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Վերջինիս խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ Սիմոմյանը իրավապահներին հաղորդում է ներկայացրել վիրավորական արտահայտությունների, սպառնալիքների մասով, որպեսզի տրվի իրավական գնահատական:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ինքը՝ Սիմոնյանը հայտարարեց, որ օրենքով պատժվելու են բոլոր նրանք, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն:
«Ամենակարևորը էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես, խոսքը դրա մասին է: Մենք այլ հասարակակարգ ենք ունենալու, իրար չենք դանակահարելու, այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը՝ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը», - նշեց խորհրդարանի խոսնակը:
Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օր ժամկետով։
«Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ: Ես չէի կարող չդիմել, դիմել եմ, դիմելու եմ և լավ եմ արել, բա ի՞նչ պիտի անեի», - հավելեց ԱԺ նախագահը:
Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձում էր մտնել նրա բնակարան և մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չբացվեց:
Փաստաբան Արսեն Բաբայանը ևս լուսանկար էր հրապարակել Վազգեն Սաղաթելյանի տան բակից, գրելով, որ իրեն ներս չեն թողնում մտնել:
Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդում: