Հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայում տեղակայվելիք միջազգային անվտանգության ուժերը պետք է կազմված լինեն այն երկրներից, որոնց հետ Իսրայելը «հարմարավետ» իրեն կզգա։ Իսրայել կատարած այցի ժամանակ այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ արտահայտվեց Թուրքիայի միջամտությանը։
«Մենք դեռ չենք ձևավորել այդ ուժը, ուստի դեռ աշխատանքներ են տարվում։ Շատ երկրներ առաջարկներ են արել», - լրագրողներին ասել է Ռուբիոն Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական համակարգման կենտրոնում։
Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Գազայի կառավարման ապագան դեռ պետք է մշակվի Իսրայելի և գործընկեր երկրների միջև, բայց չի կարող ներառել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը, հավելելով, որ Պաղեստինյան ինքնավարության որևէ հնարավոր դեր դեռևս որոշված չէ։
ԱՄՆ պետքարտուղարն այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի հավատում, թե Իսրայելը կբռնակցի Արևմտյան ափը, չնայած այս շաբաթ Քնեսեթում առաջին ընթերցմամբ նման օրինագիծ է ընդունվել։
Երեկ Իսրայել մեկնելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը զգուշացրել էր՝ Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի անեքսիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կարող են վտանգել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում խաղաղություն հաստատելու ծրագիրը:
«Բավական է ասել, որ մենք չենք կարծում, որ դա տեղի կունենա»,- ասյօր վերահաստատել է ԱՄՆ պետքարտուղարը։
Գազայում միջազգային անվտանգության ուժերը պետք է լինեն այն երկրներից, որոնց հետ Իսրայելը «հարմարավետ» կզգա. Ռուբիո